Համալրվում են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարող կոնգրեսականների եւ սենատորների շարքերը: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Ամերիկայի Հայկական համագումարի (AAA) հաղորդագրության մեջ, միայն հունվարին բանաձեին են միացել կոնգրեսականներ Ջուդի Չուն, սենատորներ Սեմ Բրաունբեքը եւ Մայքլ Բեննեթը: Ամերիկայի Հայկական համագումարը հաղորդում է, որ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի կոալիցիան (CEEC) միաձայն սատարում են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Մենք հպարտ ենք, որ այսօր Ամերիկայի Հայկական համագումարի կողքին ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Մենք կողմ ենք, որպեսզի Լեհաստանի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը այս ոճրագործության 95-ամյակի շեմին»,-ասել է Լեհ-ամերիկյան կոնգրեսի Վաշինգտոնի բաժանմունքի ներկայացուցիչը:
Իր հերթին ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի կոալիցիայի կողմից Հայոց ցեղասպանության 95-ամյակի նախաշեմին կարեւոր քայլ է ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:
ԱՀՀ-ն հիմնվել է 1972թ.: Դա ԱՄՆ-ի խոշորագույն հայկական կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունն ուղղված է իրազեկման բարձրացմանն այն հարցերում, որոնք առնչվում են ԱՄՆ-ի հայ համայնքին:
CEEC միավորում է 18 համազգային կազմակերպություններ, որոնց անդամակցում են շուրջ 22 մլն ամերիկացիներ, որոնց նախնիները արտագաղթել են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից: Այն հիմնադրվել է 1994թ. եւ միավորում է հետեւյալ կազմակերպությունները` Ամերիկայի Հայկակական համագումարը, Ամերիկա-հունգարան դաշինքը, Ամերիկա-լատիշական ասոցիացիան, Բելառուսա-ամերիկյան ասոցիացիան, Բուլղարիայի հետազոտությունների եւ վերլուծության ինստիտուտը, Ամերիկայի ռումինացիների կոնգրեսը, Ամերկիկայի չեխական ազգային խորհրդի Վաշինգտոնի բաժանմունքը, Էստոնա-ամերիկյան ազգային խորհուրդը, ԱՄՆ-ի վրացական ասոցիացիան, Հունգարա-ամերիկյան կոալիցիան, Ամերիկա-բալթյան համատեղ ազգային կոմիտեն, Լիտվա-ամերիկյան խորհուրդը, Ամերիկայի լիտվական համայնքը, Ամերիկայի հունգարացիների ազգային դաշինքը, Լեհ-ամերիկյան կոնգրեսը, Ամերիկայի սլովակների լիգան, Ամերիկայի ուկրաինական կոմիտեն եւ Ուկրաինական ազգային ասոցիացիան:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:
Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:





