AM
2 Փետրվար 2010 - 08:49 AMT

ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումն անցել է առանց խախտումների

Փետրվարի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մերձակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը: Խմբի կազմում էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վլադիմիր Չունտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):

Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է ԼՂՀ-ի ԱԳՆ-ն մամլո ծառայությունը: