Հունվարի 29-ին պաշտոնական կարճատեւ այցով Օսլոյում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր նորվեգացի գործընկեր Յոնաս Գահր Շտյորեի հետ:
Առանձնազրույցի, ապա աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:
Նախարարներն ընդգծեցին Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, մասնավորապես բարձրաստիճան այցերի կազմակերպումը, երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, մշակութային, կրթական եւ գիտական ոլորտներում փոխանակումների ակտիվացումը:
Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին առեւտրատնտեսական ոլորտում փոխգործակցությունը աշխուժացնելու հնարավորությունը եւ պայմանավորվեցին հավելյալ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Նախարար Շտյորեն ներկայացրեց իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություները, սկանդինավյան երկրների համագործակցության փորձը, նշելով, որ այն կարող է կիրառվել նաեւ այլ տարածաշրջանների համար: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ընգծեց, որ ածխաջրածնային պաշարներով աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող եւ աշխարհի ամենախաղաղ երկիրը համարվող Նորվեգիայի քաղաքականությունը եւ միջազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործունեությունը կարող են օրինակելի լինել նման պաշարներ ունեցող այլ երկրների համար:
Հայաստանի արտգործնախարարը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Եվրոպական ընտանիքին մերձենալու արտաքին քաղաքական ուղեգիծը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ՀՀ Նախագահի նախաձեռնությունը եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Նախարարներ Նալբանդյանն ու Շտյորեն անդրադարձան նաեւ ԵԱՀԿ օրակարգային հարցերին: Էդվարդ Նալբանդյանն ու Յոնաս Գահր Շտյորեն ստորագրեցին Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Հանդիպման արդյունքներով ընդունվեց մամուլի համատեղ հայտարարություն:
Նույն օրը ՀՀ արտգործնախարարը հյուրըկալվեց Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որտեղ հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, որին ներկա էին Օսլոյում հավատարմագրված դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ: Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանների հարցերին:





