Հունվարի 28-ին Լոս Անջելեսում կայացավ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունն առաջին անգամ ստանձնել էր ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը: Պարբերական հավաքը դիվանագետներին հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ եվ խոսել ընդհանուր խնդիրների, ինչպես նաեվ երկկողմ համագործակցության մասին:
Հավաքին մասնակցեցին վեց տասնյակից ավելի երկրների գլխավոր հյուպատոսներ: Նրանք քննարկեցին 2010 թվականի ծրագրերը եվ առաջիկա միասնական անելիքները: Հոյւպատոսները ողջունեցին նաեվ Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսին նոր միացած անդամներին:
Ներկայացուցչական հավաքի մասնակիցները ողջունեցին Հայաստանի գլխավոր հյուպատոսի նախաձեռնությունը, որը, նրանց խոսքով, հնարավորություն տվեց ջերմ մթնոլորտում քննարկել Լոս Անջելեսի դիվանագիտական համայնքի առաջիկա ծրագրերը: ՀՀ Գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց դիվանագետների հավաքի պատվավոր հյուրին՝ Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանին, ով ԱՄՆ խոշորագույն նահանգի առաջին եվ առայժմ միակ՝ ազգությամբ հայ նահանգապետն է եղել: Պ.-ն Դուքմեջյանը ողջունեց ՀՀ հովանու ներքո կազմակերպված ձեռնարկը: Նշեց, որ անցած դարասկզբին, ցեղասպանությունից առաջ, Թուրքիայից գաղթած ծնողների զավակ է: Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ եվ հպարտ է, որ ղեկավարել է Կալիֆորնիայի պես բազմազգ մի նահանգ, որն աշխարհի համար լավ օրինակ է, թե ինչպես կարող են 100-ից ավելի ազգություններ կողք-կողքի ապրել եվ ստեղծել աշխարհի 5-րդ տնտեսությունը: Պ.-ն Դուքմեջյանը պատասխանեց նաեվ օտարերկրյա դիվանագետների հարցերին:
Դիվանագետների ներկայացուցչական հավաքին ներա էր նաեվ հայազգի գործող բարձրաստիճան պաշտոնյա՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կազմում ընտրված առաջին հայ գործիչ, Փոլ Կրեկորյանը:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:
Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:





