Թուրքիայի նախագահ <b>Աբդուլլահ Գյուլը</b> պատասխան նամակ է հղել Հայաստանի նախագահ <b>Սերժ Սարգսյանին</b>, որում իր բարի ցանկություններն է հայտնել, ինչպես նաեւ պարզաբանել Անկարայի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների առնչությամբ: Դրա հետ մեկտեղ, Գյուլը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն է հայտնել, գրում է թուրքական Zaman թերթը:
Փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին, որում, մասնավորապես ասվում էր.
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, եւ դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ առանց նրանց միջնորդության դժվար կլիներ առաջընթաց գրանցել: Դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որքան էլ բարեկամ պետությունները շահագրգռված լինեն գործընթացի դրական հանգուցալուծման մեջ, չեն կարող անել այն, ինչ ի զորու են անել մեր երկու ժողովրդները»:





