Փետրվարի 9-ին Սիրիայի ԱԳ նախարար <b>Ուալիդ Մուալլիմն</b> ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծեց, որ շարունակական բարձրաստիճան այցելությունները նոր լիցք եւ որակ են հաղորդում երկու բարեկամ երկրների փոխշահավետ համագործակցությանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին շեշտեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Սիրիայի հետ բազմակողմ եւ բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանը, եւ այդ է վկայում Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը` ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Սիրիայի, մասնավորապես արեւելյան շրջանների հետ, ամենատարբեր բնագավառներում համագործակցության խորացման համար:
Նույն օրը Սիրիայի արտգործնախարարությունում կայացավ Հայաստանի եւ Սիրիայի ԱԳ Ն-ների միջեւ քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





