Թուրքիան ձգձգում է Արձանագրությունների վավերացումը, քանի որ այդ գործընթացից փորձում է ստանալ առավելագույնը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի համար առավելագույնը ազատագրված տարածքները ստանալն է: «Թուրքիան ցանկանում է մեզանից խլել մեր վերջին հենարանը», – նշել է Սեֆիլյանը:
Ընդ որում նա քննադատել է ՀՀ-ի Բրիտանիայում տեղի ունեցած նախագահի ելույթը, ասելով, որ իր հայտարարություններով Սերժ Սարգսյանը Թուրքիային հասկացրեց, որ պատրաստ է վերադարձնել ազատագրված տարածքները: Սեֆիլյանը նաեւ ընդգծել է, որ Սարգսյանը դեռ տատանվում է բացահայտ հայտարարել այդ մասին, քանի որ, եթե նա իրականացնի իր որոշումը, ապա դա վերջ կդնի նրա քաղաքական կարիերային: Նրա խոսքերով, եթե հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալվի` դրա մեղավորը կլինի ոչ թե Հայաստանը կամ Թուրքիան, այլ գերտերությունների շահերի բախումը:





