AM
9 Փետրվար 2010 - 16:29 AMT

Արտակ Դաշյան. Ինձ հարկավոր է տեղ նվաճել «Մետալուրգի» մեկնարկային կազմում

Դոնեցկի «Մետալուրգի» հետ 3 տարով պայմանագիր կնքելուց հետո կիսապաշտպան Արտակ Դաշյանը հարցազրույց տվեց ակումբի պաշտոնական կայքին: Հարցազրույցում նա խոստովանեց, որ աստիճանաբար հարմարվում է իր համար նոր կոլեկտիվին, եւ դրանում իրեն օգնում է մեկ այլ հայ ֆուտբոլիստ` Հենրիկ Մխիթարյանը:

«2009 թվականի հոկտեմբերին ես փորձաշրջան էի անցնում Դոնեցկի թիմում: Թիմն ինձ շատ դուր եկավ, Նիկոլայ Կոստովի կոլեկտիվն ուղղակի հիանալի է, եւ ես ինձ լավագույնս դրսեւորելու մեծ ցանկություն ունեցա»,- ասաց Դաշյանը:

Կիսապաշտպանը խոստովանեց, որ իրեն Դոնեցկում լավ ընդունեցին եւ իրեն մոտ ամեն ինչ կարգին է: «Ես ուժեղ թիմ եմ անցել, որտեղ կկարողանամ առաջ գնալ: Այժմ ես պետք է անեմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի օգտակար լինեմ թիմին: Ես գոհ եմ, որ արեցի այդ քայլն իմ կարիերայում»,- ընդգծեց Դաշյանը:

«Մեր մեկնարկային խաղը կլինի փետրվարի 27-ին Ուժգորոդում «Զակարպատյեի» հետ: Ներկա պահին ինձ հարկավոր է տեղ նվաճել «Մետալուրգի» մեկնարկային կազմում: Հեշտ չի լինելու, բայց դրա համար կգործադրեմ իմ բոլոր ջանքերը»,- նշեց «Բանանցի» նախկին կիսապաշտպանը: