ՌԴ ԱԳ նախարար <b>Սերգեյ Լավրովը</b> ողջույնի ուղերձ է հղել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին ՀՀ ԱԳՆ-ին կից Դիվանագիտական դպրոցի բացման կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները ՀՀ ԱԳՆ-ին կից Դիվանագիտական դպրոցի բացման կապակցությամբ: Ակնհայտ է, որ ժամանակակից պայմաններում էապես փոխակերպվում է միջազգհային հարաբերությունների առարկան եւ, համապատասխանաբար, ընդլայնվում է դիվանագիտության գործունեության դաշտը, որն այժմ զբաղվում է ազգային կյանքի հիմնարար հարցերով` անվտանգության ապահովումից մինչեւ տնտեսության զարգացման ու արդիականացման խնդիրները: Այսօր դիվանագիտությունը պահանջում է բազմակողմանի գիտելիքներ պատմության, փիլիսոփայության, տնտեսության, սոցիոլոգիային, մշակույթի ոլորտներում: Ուստի բարեկամական Հայաստանի ԱԳՆ-ում նման նախագծի իրագործումը խոստանում է լինել արդիական եւ խոստումնալից նախաձեռնություն»:
Ս.Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ձգտել է իր ավանդն ունենալ հայկական պետության համար դիվանագիտական կադրերի պատրաստման գործում: «ՀՀ ԱԳՆ մի շարք աշխատակիցներ, մասնագիտական հմտություններ ստանալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում եւ ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում, արդեն մասնակցում են իրենց երկրի արտաքին քաղաքականության գործնական կուրսի իրագործմանը: Մենք պատրաստ ենք հետագայում եւս աջակցել դիվանագիտական դպրոցի գործունեությանը Հայաստանում: Մաղթում ենք Դիվանագիտական դպրոցի դասախոսա-պրոֆեսորական կազմին ու ուսանողներին, մեծ հաջողություն մաղթելով նրանց»,-ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի նամակում:





