ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ղազախստանը մտադիր է ուժերի ներածին չափով խթանել ղարաբաղյան կարգավորումը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը: «Մենք վստահ ենք, որ հակամարտության լուծումն, առաջին հերթին, գտնվում է հակամարտող կողմերի ձեռքում: Գործընթացի մնացած բոլոր մասնակիցները օգնականներ են, որոնք անկեղծորեն ցանկանում են եւ մտադիր են նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը, որը խոչընդոտում է տարածաշրջանի երկրների կայուն զարգացմանը»,-ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: Ըստ նրա, Աստանան զգուշավոր լավատեսություն ունի այդ իրավիճակի զարգացման հետագա հեռանկարների առումով:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Ղազախստանը կոնկրետ քայլեր կձեռնարկի դիպուկահարներին առաջին գծից ետ քաշելու ուղղությամբ, Կանատ Սաուդաբաեւը նշել է,որ իրավիճակի կայունացմանն ու վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոց պետք է հավանության արժանանա եւ իրագործվի, այդ թվում նաեւ դիպուկահարների հարցում:
Իր հերթին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ ընդունում է այն սկզբունքները, որոնք ներկայացված են որպես նորացված Մադրիդյան փաստաթուղթ, հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է կտրականապես հրաժարվում որպես հիմք ընդունել Մադրիդյան սկզբունքները: «Ինչ վերաբերում է աշխատանքային փաստաթղթերին, որոնք համանախագահները ներկայացնում են աշխատանքային քննարկման կարգով, ապա կոնկրետ հարցերը, որոնց վերաբերյալ կողմերը պետք է ներկայացնեն իրենց առաջարկները, ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Սոչիում, ապա այդ առաջարկները ներկայացման ընթացքում են, եւ ես կարծում եմ, որ Ադրբեջանը կներկայացնի իր առաջարկները եւ մենք կշարունակենք քննարկումները»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
2008թ. դեկտեմբերի 4-ին Հելսինկիում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ ասվում է.«Մենք կոչ ենք անում կողմերին, համանախագահների հետ միասին, ձեռնամուխ լինել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրագործմանը, սկսած դիպուկահարներին առաջին գծից ետ քաշելու գործընթացից, ինչը թույլ կտա պահպանել բազմաթիվ քաղաքացիական անձանց ու զինծառայողների կյանքեր, ինչն արդեն առաջարկվել է կողմերին ղեկավարության միջնորդների կողմից` 2008թ. նոյեմբերի կեսին տարածաշրջան կատարծ նրանց վերջին ուղեւորության ժամանկ»:





