«Հայապահպանության եւ Ծալկայի ու Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանության» թեմայով սեմինար
Փետրվարի 18-ին Երեւանում կանցկացվի «Հայապահպանության եւ Ծալկա-Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանության» թեմայով սեմինար: Սեմինարի կազմակերպիչը ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդն է («Ջավախք» հայրենակցական միությունը, «Միտք» վերլուծական կենտրոնը, «Վիրք» կուսակցությունը, «Ջավախք» ազգային շարժումը եւ «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը):
«Վրաստանի անկախության ձեռքբերումից հետո, վրացական իշխանությունները հայ ազգային փոքրամասնության հանդեպ իրականացնում են խտրական քաղաքականություն: Այս քաղաքականության տարրերն են` քաղաքական, լեզվական, կրոնական, կրթական եւ մշակութային իրավունքների խախտումները, ջավախահայերի պաշտպանությամբ զբաղվող գործիչների մեկուսացումը, հայ ազգաբնակչության ձուլման իրականացումը: Այս գործընթացները սկսած 2005-2006 թթ. ավելի մեծ թափ ստացան, հատկապես 2008 թ. հնգօրյա պատերազմից հետո», – նշվում է խորհրդի հայտարարության մեջ:
Սեմինար քննարկման նպատակն է` հասարակական քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին, փորձագետներին, ԶԼՄ-երին եւ Ջավախքի խնդրով շահագրգիռ այլ կառույցներին ծանոթացնել ջավախահայերի իրավունքների համար պայքարի մարտավարական եւ ռազմավարական առավել գործուն մեթոդներին եւ ընթացքին:





