AM
10 Փետրվար 2010 - 12:39 AMT

Ցյուրիխի վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքերի վերաբերյալ որոշումը

Ցյուրիխի վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ ռասիզմի դեմ գործող սկզբունքները խախտող երեք թուրքերի մասին որոշումը: Ինչպես հաղորդում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքիյանը, թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեք Ալի Մերջանի կողմնակիցներից մեկը 2007 թ. հուլիսին շվեյցարական Վինտերտուր քաղաքի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած միջոցառման ընթացքում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը «պատմական սուտ է»: Այդ խոսքերի համար այդ թուրքը վճարել է 4500 ֆրանկ տուգանք, իսկ ներկա գտնվողները` 3600 ֆրանկ:

Հարկ է նշել, որ 2008 թ. Շվեյցարիայի Դաշնային դատարանը Բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին եւս մեղադրել է Հայոց ցեղասպանության ժխտման համար:

Հայ-շվեյցարական ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը հայտարարել է, որ նա բավարարված է դատարանի որոշմամբ եւ, որ դա եւս մեկ քայլ է, որը կօգնի հետագայում կանխել Հայոց ցեղասպանության ժխտումը: