Եթե Թուրքիան ցանկանում է միջազգային հրապարակում իրեն որպես հուսալի խաղացող դրսեւորել, ում ստորագրությունն իրենից արժեք է ներկայացնում, ապա նա պետք է այս տարի բացի Հայաստանի հետ սահմանը եւ մոտակա ամիսների ընթացքում վավերացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները: Այդ մասին հայտնեց «Հայաստանի եվրոպական բարեկամներ» (EuFoA) կազմակերպության գլխավոր քարտուղար <b>Մայքլ Քեմբեկը</b>:
«Հայաստանը` որպես կառուցողական խաղացող, երաշխավորել է Արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացնելու իր պատրաստակամությունը: Դա ճիշտ քայլ էր: Հայաստանն այժմ մեկ աստիճանով բարձր է, իսկ գնդակը թուրքական դաշտում է»,- ասաց EuFoA գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով, ԵՄ-ն արդեն հիասթափվել է Թուրքիայից, մասնավորապես Կիպրոսյան հիմնախնդրի լուծման հարցում: Ինչպես ընդգծեց Մայքլ Քեմբեկը, Թուրքիան այժմ խաչմերուկում է գտնվում եւ պետք է ընտրի` արդյոք ցանկանում է հուսալի միջազգային խաղացող դառնալ, թե ցանկանում է, որպեսզի իր արտաքին քաղաքականությունն որոշեն ազգայնականներն ու Ադրբեջանը: «Հենց այդ ներքին պայքարն էլ Թուրքիայից հակասական հայտարարություններ է բխեցնում»,- հայտնեց EuFoA գլխավոր քարտուղարը:





