AM
20 Փետրվար 2010 - 08:39 AMT

ՀԱԵ Կոնստանդինոպոլսի պատրիարքությունը հեռու կմնա քաղաքականությունից

Առաջին անգամ պատմության մեջ հայաստանցի եկեղեցականը կարող է դառնալ Հայ առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարքը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուսը», եթե ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանը հաղթի Կոնստանդինոպոսլի աթոռակից պատրիարքի ընտրություններում, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա մայիսին, ապա նա կդառնա ՀԱԵ 85-րդ Կոնստանդինոպոլսի պատրիարքը: Ըստ կանոնների, պատրիարք կարող է դառնալ միայն այն մարդը, որի հայրը ծնվել է Թուրքիայում:

Ստամբուլ կատարած այցի ժամանակ Սեպուհ Չուլջյանը, հանդես գալով Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցում, ասել է, որ եթե նա հաղթի, ապա պատրիարքությունը «հեռու կմնա քաղաքականությունից»: «Մենք չենք կրկնի հին սխալները: Թող քաղաքական գործիչները զբաղվեն քաղաքականությամբ: Ես բոլոր ջանքերը կգործադրեմ թուրք եւ հայ ժողովրդների միջեւ երկխոսության ամրապնդման համար: Մենք պետք է միմյանց աչքերին նայենք եւ խոսենք մեր խնդիրների մասին»,-հայտարարել է եպիսկոպոսը: «Հայ-թուրքական հարաբերություններում պատմական պահ է: Շանսը, որը կարող է ճանապարհ բացել երկու ժողովրդների երկխոսության համար, չպետք է կորցնել: Ժամանակը մեր դեմ է աշխատում»,-ասել է եպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը:

Ինչպես գրում է թուրքական թերթը, նա քննադատել է Արեւմուտքի միջնորդությունը: Ըստ նրա, Գերմանիան հիմնական դերը կատարեց 1915թ. իրադարձություններում (Հայոց ցեղասպանություն):

«Մինչ օրս Գերմանիան չի ընդունում իր պատասխանատվությունը 1915թ. իրադարձությունների համար: Նա գերադասսում է լռել»,-ասել է եպիսկոպոսը: Չուլջյանը հիշեցրել է, որ արեւմտյան երկրները, որոնք օգտագործում էին Արեւմտյան Հայաստանի հայ բնակչությանը իր շահերում, այժմ էլ փորձում են որպես միջնորդ հանդես գալ հայ եւ թուրք ժողովչդների միջեւ` ցանկանալով թեթեւացնել իրենց խիղճը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են առանց միջնորդների երկխոսություն վարել:

Ս.Չուլջյանը ծնվել է Թուրքիայի Մալաթիա գավառում: 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Նա լավ է խոսում թուրքերեն: Եպիսկոպոսը ՀՀ քաղաքացիություն ունի, սակայն պատրիարք ընտրվելու դեպքում, նա պետք է ընդունի նաեւ Թուրքիայի քաղաքացիությունը: Չուլջյանն ասել է, որ նա յուրաքանչյուր հնարավորություն դեպքում այցելում է Անատոլիա:

Խոսելով Թուրքիայում հայ մշակութային ժառանգության մասին եպիսկոպոս Չուլջյանն ասել է, որ հին հուշարձանները, լինելով հայ մշակույթի մի մասը, հանդիսանում են նաեւ Թուրքիայի ժառանգությունը: «Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան չմերժի դրանք»,-ասել է եպիսկոպոսը: Ինչ վերաբերում է Ախթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու հնարավորությունը, ապա Չուլջյանը գտնում է, որ թուրք ժողովուրդը հարգում է բոլոր կրոնները եւ հասկանում է, թե որքան կարեւոր է այս եկեղեցին հայերի համար:

Դեկտեմբերի սկզբին Ստամբուլի հայ համայնքը դիմել էր քաղաքապետ Գյուլերին` խնդրելով թույլ տալ ընտրել պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի աթոռակից պատրիարքի, քանի որ Մութաֆյանը առողջության պատճառով չի կարող կատարել իր պարտականությունները: Ըստ Թուրքիայի սահմանադրության, կրոնական փոքրամասնությունները չեն կարող ուղղակի հոգեւոր հովիվ ընտրել, նրանք պետք է առաջարկեն նրա թեկնածությունը կառավարության հաստատմանը: