AM
22 Փետրվար 2010 - 11:17 AMT

Եվրամիությունը սեփական հետախուզական ծառայությունը կբացի

Եվրամիության կողմից ստեղծվող Արտաքին գործողությունների ծառայությանը (ԱԳԾ) կից, որը ԶԼՄ-ներում անվանում են ԵՄ «արտգործնախարարություն» կձեւավորվի հետախուզական վարչություն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը` հղում անելով Բրյուսելի EUobserver ինտերնետ-թերթին:

ԱԳԾ-ի գործունեության նպաստելու համար նախատեսվում է մեկ դեպարտամենտում միավորել ԵՄ Խորհրդին կից համատեղ իրավիճակային կենտրոնը, Արտերկրում ռազմական եւ ոստիկանական առաքելություններին հսկող ստորաբաժանումն ու ԵՄ ոստիկանական առաքելությունները եւ Եվրահանձնաժողովի ճգնաժամային իրավիճակների խումբը:

Դեռեւս հայտնի չէ, թե որտեղ կտեղակայվի հետախուզական ծառայությունը եւ ով կգլխավորի այն, սակայն թեկնածուներից մեկը ԵՄ Խորհրդին կից համատեղ իրավիճակային կենտրոնի ղեկավար Վիլյամ Շեփկոտն է:
ԵՄ-ն ընդհանուր գաղտնի ծառայություն չունի: Նման առաջարկով նախկինում հանդես էին եկել Բելգիան ու Ավստրիան, սակայն այդ որոշումն մինչ օրս չէր կատարվել:

ԵՄ միջազգային գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ բարոնուհի Քեթրին Էշտոնին հանձնարարվել է մինչեւ մարտ առաջարկություններ նախապատրաստել ԵՄ «ԱԳՆ»-ի կառուցվածքի վերաբերյալ: