Իրանի հիմնախնդրի ռազմական լուծումը տարածաշրջանի համար ողբերգության կվերածվի: Այդ մասին Մադրիդում հայտնեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Նրա խոսքով, Թուրքիան իր հարեւանների մոտ միջուկային զենքի հայտնվելուն դեմ է, բայց, որքանով հայտնի է, Իրանը չի պատրաստվում ստեղծել այն: «Եթե Իրանի միջուկային ծրագիրը ռազմական բնույթ է կրելու, իհարկե, Անկարան նույնպես դեմ կլինի դրան, քանի որ մենք դեմ ենք մեր հարեւանների մոտ միջուկային զենքի հայտնվելուն»,- ասաց Թուրքիայի վարչապետը:
Դրա հետ մեկտեղ վարչապետը հանդես եկավ նաեւ Իսրայելում միջուկային զենքի առկայության դեմ:
«Պաշտոնական Անկարայի կարծիքը կայանում է հետեւյալում. իրանական հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ եւ դիվանագիտական մեթոդներով: Իրանը մեր հարեւանն է, մենք նրա հետ ռազմավարական հարաբերություններ ունենք, ուստի շահագրգռված ենք բանակցությունների շարունակման հարցում: Եթե այդ խնդիրն այլ մեթոդներով լուծվի, ապա անգամ չեմ պատկերացնում, թե ինչպիսի ողբերգական հետեւանքներ կարող են սպասվել մեր տարածաշրջանի համար»,- նշեց Էրդողանը:





