AM
23 Փետրվար 2010 - 14:42 AMT

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի վարչապետի վրա կոշիկը նետող տղամարդուն

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, որը կոշիկը նետել էր պաշտոնական այցով թագավորությունում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, հաղորդում է EFE գործակալությունը:

Սեւիլացի «կոշիկ նետողը» 27-ամյա սիրիացի էր, էթնիկ քուրդ: EFE գործակալությանը ոստիկանության աղբյուրը հաղորդել է, որ այդ երիտասարդը արդեն մեկ տարի բնակվում է իսպանական Անդալուզիա տարածաշրջանի մայրաքաղաք Սեւիլիայում:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, Իսպանիայի ժամանակով ժամը 22.30-ին, այն պահին, երբ թուրք վարչապետը մեքենա էր նստում, որպեսզի գնար Սեւիլիայի օդանավակայան:

Երիտասարդը իր 44 չափսի կոշիկը նետել է թուրք քաղաքական գործչի վրա եւ բղավել. «Կեցցե' Քուրդստանը»: Կոշիկը չի դիպչել թիրախին, սակայն անվտանգության ծառայությունը ակնթարթորեն մեկուսացրել է նետորդին:
Այդ երիտասարդը 72 ժամ հարցաքննության է ենթարկվելու` արտասահմանցի պետական գործչի վրա հարձակում կատարելու համար: Ձերբակալվածին մեղադրանք է ներկայացվել նաեւ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար:

Ոստիկանության տվյալների համաձայն, ավելի վաղ մեկ այլ տղամարդ, նույնպես քուրդ, ձերբակալվել էր Alfonso XIII հյուրանոցում, որտեղ հյուրընկալվել էր Էրդողանը: Այդ տղամարդը նույնպես վիրավորել էր Էրդողանին` նրան անվանելով մարդասպան եւ բացականչել էր. «Ազատություն Քուրդստանին»: Ձերբակալվածի անձը հաստատելուց հետո նրան ազատ են արձակել: Ոստիկանությունը չի բացառում, որ այդ առաջին ձերբակալվածն ու կոշիկ նետող անձը կապված են միմյանց հետ:

Հայտնի քաղաքական գործիչների վրա առաջին անգամ չէ, որ կոշիկ են նետում: Առաջին անգամ այդպես վարվեց իրանցի լրագրող Մունթազեր ազ Զեյդին` կոշիկը նետելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա` 2008 թ. դեկտեմբերին, որի համար նա բանտ նետվեց: