Փետրվարի 24-ին դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Իտալիայի հանրային կառավարման եւ նորարարության նախարար Ռենատո Բրունետտայի հետ: Դեսպան Կարապետյանը շնորհակալություն է հայտնել նախարարին Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցության հաստատման ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար:
Դեսպանը կարեւորել է Իտալիայի փորձը հատկապես հանրային կառավարման ոլորտում` հաշվի առնելով վերջին տարիներին այդ բնագավառում իրականացված լայնամասշտաբ բարեփոխումները: «Հայկական կողմը շահագրգիռ է երկկողմ կապերը ընդլայնելու նաեւ նորարարությունների ոլորտում` տեղեկատվական տեխնոլոգիաների ու գիտության վրա հիմնված տնտեսական եւ հասարակական մոդելների մշակման, ինչպես նաեւ նախարարության կողմից արդեն իսկ իրականացվող կարեւորագույն ծրագրերը Հայաստանում կիրառելու նպատակով»,- նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իտալիայում կազմակերպել Հայաստանի քաղծառայության խորհրդի աշխատակիցների վերապատրաստում, նաեւ` հաստատել գործողությունների ծրագիր Հայաստանի հետ համագործակցությունը գործնական դարձնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





