Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է խանգարել հայ-թուրքական մերձեցմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Անցանկալի կլիներ, եթե ԱՄՆ Կոնգրեսը բանաձեւ ընդուներ Հայոց ցեղասպանության մասին: Այժմ, երբ մենք բոլորս ջանում ենք, որ թուրք-հայկական հարաբերությունները կարգավորվեն, նման բանաձեւերը չեն կարող օգուտ բերել գործընթացին»,-հայտարարել է Քլինթոնը` ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ` թիվ 252 բանաձեւի գծով քվեարկության շեմին, որը տեղի կունենա մարտի 4-ին:
Ըստ նրա, ԱՄՆ վարչակազմի բոլոր քայլերն ու գործերը պետք է նպաստեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե խոչընդոտեն գործընթացին: «Եվ ես, եւ նախագահ Օբաման մեր կարծիքին ենք մնում, որ մենք դեմ ենք այն որոշումներին, որոնք կարող են ետ մղել այդ գործընթացները կամ վնասել դրանց: ԱՄՆ-ն կողմ է այդ գործընթացի արագացմանը եւ գտնվում է մշտական շփման մեջ երկու կողմերի հետ»,-ասել է Քլինթոնը: Միեւնույն ժամանակ Պետքարտուղարն ընդգծել է, որ նախագահ Օբաման չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:
Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, Քլինթոնի այս հայտարարությունն երրորդն է վերջին շրջանում: «Նախագահ Օբամայի վարչակազմի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա չի արտահայտի իր տեսակետը բանաձեւի քվեարկության վերաբերյալ: Ներկայիս ամերիկյան վարչակազմը, ի տարբերություն նախորդի, չի աշխատում միավորներ հավաքել Անկարայի առջեւ` հակազդելով ոճրագործության դեմ բանաձեւի ընդունմանը»,-ասել է Համբարյանը:





