AM
27 Փետրվար 2010 - 09:09 AMT

Թուրքիայում եւս 18 զինվորական է ձերբակալվել

Թուրքիայում 2003թ. հեղաշրջման նախապատրաստման գործի շրջանակներում եւս 18 զինվորական է ձերբակալվել, որոնցից մեկը` պաշտոնաթող: Ձերբակալություններ են կատարվել 13 քաղաքներում: Հեղաշրջման ծրագիրը`Balyoz անվանումով 2010թ. հունվարին հրապարակել էր Taraf թերթը:

Շաբաթվա սկզբում իշխանություններն արդեն 49 մարդ էին ձերբակալել: Երկրի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կոչ է արել հարգել օրենքի գերակայությունը եւ հնարավորություն տալ դատարաններին կատարել իրենց պարտավորությունները:

«Բոլորը պետք է ենթարկվեն օրենքին: Թուրքիան ժողովրդավարական պետություն է, որտեղ օրենքն է գերակայում»:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը, Էրդողանը եւ Գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը քննարկել են զինված ուժերի ներկայացուցիչների ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը: Ընդ որում, վարչապետը քննադատել է ԶԼՄ-ներին:

«Մամումլը անհեթեթ եւ տարօրինակ մեկնաբանություններ է անում նախագահի հետ մեր 3 ժամ տեւած հանդիպման վերաբերյալ: Դուք չեք կարող ասել, թե ես չեմ կարող միջամտել նրան, թե ինչ են գրում : Ինչո՞ւ: Որովհետեւ ոչ ոք իրավունք չունի լարվածությունը երկրում ուժգնացնել»,-ասել է Էրդողանը` նշելով, որ ԶԼՄ-ների նման մոտեցումը վախեցնում է ներդրողներին:

Զինվորականների դատավարությունը սուր բանավեճ է առաջացրել Թուրքիայում զինվորականների եւ քաղաքական գործիչների փոխհարաբերությունների մասին: Ընդդիմությունը հայտարարում է լուրջ կառավարական ճգնաժամի մասին եւ պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, հաղորդում է Euronews-ը: