Փետրվարի 26-ին Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչները Սումգաիթյան ողբերգության 22-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիա անցկացրեցին Վարշավայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ:
Վարշավա քաղաքի համապատասխան մարմինները, համաձայն գործող կարգի, թույլատրեցին հայ համայնքի ներկայացուցիչներին բողոքի երթ անցկացնել Սասկա Կեմպա դիվանագիտական թաղամասի դեպի Ադրբեջանի դեսպանատուն տանող փողոցով:
Հայ ցուցարարները, Սումգաիթյան ոճրագործությունը դատապարտող պաստառները եւ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը ձեռքերին կանգ առան Ադրբեջանի դեսպանատան առջեւ:
Ցուցարարների կողմից նախապատրաստված բողոքի նամակը ընթերցեց Վարշավայի հայ համայնքի հնաբնակ անդամներից մեկը` Ռաֆայել Ամիրյանը: Բողոքի նամակում համառոտ անդրադարձ էր կատարվում Սումգաիթում տեղի ունեցած ողբերգությանը, մեջբերվում էին ժամանակակիցների դատապարտող գնահատականները, ներկայացվում էին հայկական ջարդերի իրական կազմակերպիչների նպատակները, ադրբեջանական իշխանություններից պահանջվում էր պատասխանատվություն ստանձնել կատարածի համար, իսկ միջազգային հանրությանը` դատապարտել այն, գնահատելով որպես 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի շարունակություն:
Բողոքի նամակի ընթերցումն ավարտելուց հետո պրն. Ամիրյանը «Մուսա-Լեռ» ազգագրական համույթի ղեկավար Հակոբ Բաղդասարյանի ուղեկցությամբ, ոստիկանության սպայի ներկայությամբ փորձ կատարեց այն հանձնել Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչին, որը պատճառաբանելով, թե լեհերեն չգիտի, չընդունեց նամակը: Սակայն փորձն ապարդյուն էր եւ նամակը իջեցվեց դեսպանատան փոստարկղը:
Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, նույն օրը հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվեցին ՀՀ դեսպանության բակում, որտեղ տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ մոմավառության արարողություն: Հայ կաթողիկ եկեղեցու հոգեւոր հովիվ` կսյոնդզ Արթուր Ավդալյանը ի հիշատակ Սումգաիթի անմեղ զոհերի կատարեց հոգեկոչման պաշտոն:
Այնուհետեւ ներկաներին դիմեց Լեհաստանում ՀՀ դեսպան Ա.Գալոյանը, որը համառոտ խոսեց Սումգաիթյան ողբերգության, Ղարաբաղյան շարժման պատմության ադրբեջանական նենգափոխումների մասին մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:
ՀՀ դեսպանը ընգծեց, որ Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ցույցը վառ վկայությունն է այն բանի, որ աշխարհասփյուռ հայությունը ոչինչ չի մոռացել եւ պատրաստ է արժանի հակահարված տալ Ադրբեջանի ստահոտ քարոզչությանը եւ հակահայկական բոլոր սադրանքներին:





