AM
2 Մարտ 2010 - 10:25 AMT

Թուրքիան ԱՄՆ-ի հետ հերթական պայքարն է սկսում, որպեսզի վերջինս հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից

Եւ խնդիրը բոլորովին էլ Պալատի խոսնակի մեջ չէ, ու առավել եւս ոչ Սպիտակ տան վարչակազմում, որը հենց այժմ բոլորովին կարիք չունի սրելու հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ նրա միջոցով` ողջ իսլամական աշխարհի հետ: Այնպես որ ներկա պահին Հայոց ցեղասպանությունը ճանաչել կամ չճանաչելը ԱՄՆ համար պրագմատիզմի ոլորտի հարց է եւ ոչ` բարոյականության:

Թուրքիան քաջ գիտակցում է դա, եւ ամերիկյան ու թուրքական մամուլում բարձրացված ողջ այդ աղմուկն ուղղված է այն բանին, որպեսզի Հայաստանին պատրաստի անխուսափելիին: Այսինքն` կոմիտեն «կողմ» կքվեարկի բանաձեւին, այն Պալատ կուղարկի քվեարկության համար: Բայց քանի որ որոշում կայացնելու համար հարկավոր են 228 կոնգրեսականների ձայները, որոնք չկան եւ մոտ ժամանակներս չեն հավաքվի, կարելի է ասել, որ այս անգամ էլ 252 բանաձեւի ընդունումը կհետաձգվի: Մենք ժամանակին գրել ենք եւ կարծում ենք, որ ավելորդ չի լինի հիշեցնել, որ այդ բանաձեւն ընդամենը Պալատի կարծիքն է` House Resolution: Դա օրենք չէ, դա պարզապես փաստի արձանագրում է եւ ոչ ավելին: Եթե Սփյուռքը կարծում է, որ անգամ ներկա տեսքով բանաձեւի ընդունումը թույլ կտա ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա դա, առնվազն, միամտություն է: Ճիշտ է, ասում են, թե ժամամակները փոխվել են, եւ հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ն կարող է շատ հեռու գնալ: Ամբողջ հարցը նրանում է, թե որքան հեռու կգնա Օբամայի վարչակազմը, եւ որքանով այդ քայլերն ընդհանուր առմամբ բարիք կբերեն հայ ժողովրդին: Խոսք չկա` չարը պետք է պատժվի եւ հրեշային ոճրագործության զոհերի հիշատակը չպետք է փոխանակման դրամ դառնա: Բայց, ցավոք, հենց գրեթե դա է դարձել ԱՄՆ-ի, ինչպես եւ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նկատենք, որ Ցեղասպանությունը ճանաչել են այն երկրները, որոնք կախված չեն Թուրքիայից եւ որոնց, ըստ էության, միեւնույնն է: Իսկ հայ ժողովրդի դաժան ճակատագիրը վաղուց արդեն փոխանակման խաղաթուղթ է դարձել աշխարհի ուժեղների ձեռքում, եւ դա շարունակվում է արդեն 95 տարի: Այդպես, համենայնդեպս, երեւում է, եթե մի կողմ դնենք հույզերը: Ի դեպ, այս հարցում հույզերը միայն վատթարացնում են իրավիճակը, եւ ավելորդ չի լինի բերել թուրքական կողմի օրինակը, որը պարզապես ասում է. ձեր գործն է, ընդունեք բանաձեւը, ապրիլի 24-ին ասեք «ցեղասպանություն» բառը: Բայց հետո չվիրավորվեք, եթե ԱՄՆ-ն Թուրքիայում, ինչպես եւ ողջ Մերձավոր Արեւելքում թշնամի համարվի: Կամ էլ թե չէ ոչ բարեկամական երկիր:

Բոլոր այս նկատառումները հանգեցնում են այն մտքին, որ գործը կավարտվի նույն կերպ, ինչպես եւ անցյալ տարի: Փառք Աստծո, նոր տերմին հնարելու կարիք չկա, կա Մեծ Եղեռնը, որն, ի դեպ, Ցեղասպանության հոմանիշն է: Թեեւ կարող է եւ այլ կերպ ստացվել, որովհետեւ շատ ու շատ փորձագետների կարծիքով, 252 բանաձեւի ընդունման հավանականությունը աննախադեպ բարձր է: Եւ այստեղ հարց է ծագում` արդյո՞ք հայ ժողովուրդը, մասնավորապես Սփյուռքը պատրաստ է դեպքերի զարգացման այս տարբերակին: Վախենանք հոռետես երեւալ, բայց ժողովուրդը, որ արդեն 95 տարի արդարության է սպասում, իսկ վերջին 40 տարիներին համառորեն պայքարում է ոճրագործության ճանաչման համար, պարզապես պատրաստ չէ դրան: Տվյալ դեպքում սխալվելը շատ լավ կլիներ, իսկ կարեւորը հասկանալն է, որ հողերը, ինչպես նաեւ հատուցումը ոչ ոք հենց այնպես չի տալու, դրա համար հարկ կլինի վճարել: Իսկ գինը կարող է անհամեմատելի լինել…