AM
1 Մարտ 2010 - 09:41 AMT

Հայաստանի ու Վրաստանի նախագահները պայմանավորվել են ավելի հաճախ շփվել

Ավարտվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան, երկու պետությունների ղեկավարները ամփոփեցին այցի արդյունքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Միխայիլ Սահակաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահի հետ Բաթումիում կայացած ոչ պաշտոնական հանդիպման կապակցությամբ եւ նշել. «Մենք պայմանավորվել ենք ինտեգրել մեր տնտեսությունները, ավելի հաճախ շփվել, ավելի մեծ ջանքեր գործադրել մեր ժողովուրդների էլ ավելի մերձեցման ուղղությամբ, չնայած այդ հարաբերություններն ինքնին շատ սերտ են: Ապագայում նման հանդիպումներն ավելի ինտենսիվ բնույթ կունենան` հանուն այն ամենի, ինչ մենք անում ենք մեր ժողովուրդների համար: Մենք փոքր երկրներ ենք եւ անհրաժեշտ ենք մեկս մյուսին: Մենք կախված ենք միմյանցից եւ այդ փոխկախվածությունը պետք է ծառայեցնենք լավ գործեր կատարելուն»:

Հայաստանի Հանրապետության Նախագահն իր հերթին, գոհունակություն հայտնելով իր վրացի գործընկերոջ հետ ունեցած քննարկումներից, նշել է. «Մենք պետք է ավելի սերտորեն աշխատենք, շատ լրջորեն մտածենք ինտեգրացիոն գործընթացների մասին: Ես համոզված եմ, որ այս տարին մեր հարաբերությունների համար կդառնա բեկումնային, չնայած այդ հարաբերությունները միշտ էլ լավ են եղել ու հիմա էլ դրանք շատ լավ են: Բայց մենք սովոր ենք ոչ թե տեղում կանգնած չմնալ, այլ` առաջ գնալ»:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հանդիպել է Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: