Փետրվարի 27-ին Իտալիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Հռոմում առաջին անգամ տեղի է ունեցել իտալահայ կազմակերպությունների հավաք` դրանց ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հավաքի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված Հայաստանի դեսպանության եւ իտալահայ համայնքային կառույցների համագործակցության խնդիրները, մասնավորապես` հայ-իտալական երկկողմ հարաբերությունների զարգացում, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացի սատարում, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների կազմակերպում:
Միջոցառումը բացել է Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը հավաքի մասնակիցներին ներկայացրել է դեսպանության ծրագրերը 2010թ. եւ այն ուղղությունները, ուր անհրաժեշտ է իտալահայության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը: Ռուբեն Կարապետյանը, որպես առաջնային ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի ակտիվացման, Հայաստանում ներդրումային ծրագրերի խթանման եւ Իտալիայում բազմաթիվ գիտամշակութային միջոցառումների կազմակերպման խնդիրները:
Այնուհետեւ ելույթ են ունեցել հավաքի մասնակիցները, որոնք դեսպանին ներկայացրել են իրենց առաջարկները դեսպանություն-իտալահայ համայնք համագործակցության սերտացման ուղղությամբ: Ելույթ ունեցողները հատկապես գոհունակությամբ նշել են այն հանգամանքը, որ նման ներկայացուցչական հավաք իտալահայ բոլոր կազմակերպությունների մասնակցությամբ դեսպանության հովանու ներքո կազմակերպվում է առաջին անգամ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախապատրաստել նամակ իտալահայ բոլոր կազմակերպությունների անունից ուղղված Իտալիայի խորհրդարանի բոլոր անդամներին` Ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ: Ներկաները նաեւ համաձայնել են նման հավաք կազմակերպել յուրաքանչյուր տարի:
Հավաքն ավարտվել է Հռչակագրի ընդունմամբ, որը նույնպես որակվել է բացառիկ ոչ միայն իտալահայ կյանքում, այլեւ Հայաստան-Սփյուռք համագործակցության ուղղությամբ: Հռչակագրով որոշվեց` նպաստել Հայաստան-Իտալիա համագործակցության զարգացմանը բոլոր բնագավառներում, հանդես գալ նախաձեռնություններով ԼՂՀ ներկայությունը Իտալիայում շոշափելի դարձնելու ուղղությամբ, «Արցախի բարեկամների խմբի» ստեղծում, բազմաբնույթ ծրագրերի իրականացում ԼՂՀ-ում եւ այլն:





