Սումգայիթի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացրել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը եւ ֆրանսահայ կազմակերպությունները:
Փետրվարի 28-ին` կիրակի, Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում զոհերի հիշատակին մատուցվել է պատարագ, որին ներկա են եղել դեսպանության եւ հայ համայնքի ներկայացուցիչները:
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) ֆրանսիական պետական եւ ոչ պետական կազմակերպություններին հայտարարություն է ուղարկել` նշելով, որ Սումգայիթի հայազգի բնակչության դեմ կազմակերպված ջարդերին հետեւեցին Բաքվում, Գանձակում եւ Շահումյանում Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները:
Հայտարարությանը կից ներկայացվել են Սումգայիթի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ 1988թ. ֆրանսիական Le Monde օրաթերթի ռեպորտաժները եւ 1988թ. հուլիսին Եվրախորհրդարանում ընդունված բանաձեւի տեքստը:
Նյութեր են տարածվել նաեւ Խոջալիում տեղի ունեցած դեպքերի մասին` հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար տարածվող աղավաղված փաստերին:
Ֆրանսիայում ՀՀ դեսպանի անունից նամակներ են ուղարկվել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներին, ովքեր աջակցել են 1988թ. հուլիսյան բանաձեւի ընդունմանը: Նրանք հրավիրվել են մասնակցելու մարտին Փարիզում կայանալիք Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձություններին նվիրված գիտաժողովին:
Փետրվարի 22-28-ը հայկական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներում, որոնց մասնակցում էին ֆրանսիական պետական եւ ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեկ րոպե լռությամբ հարգվեց Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը: Ֆրանսիայում ՀՀ դեսպանն իր ելույթներում մասնակիցների ուշադրությունը հրավիրել է Սումգայիթի ոճրագործությունների փաստերի վրա` նշելով, որ այդ դաժանություններին հետեւեցին Ադրբեջանի հարձակողական գործողություններն` ուղղված Լեռնային Ղարաբաղի բնակչության բնաջնջմանը:
Հանդիպումների ժամանակ մասնակիցներին բաժանվել է Սամուել Շահմուրադյանի «Սումգաիթի ողբերգությունը» վերնագրով գիրքը` Ելենա Բոների եւ Բեռնար Կուշների նախաբանով:
Սումգայիթի վերաբերյալ տեղեկատվական նյութերը տարածվեցին նաեւ ուսումնական հաստատություններում, որտեղ սովորում են հայ ուսանողները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





