Սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Հայ առաքելական Ս. Եկեղեցու վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, բազմաթիվ վիրահայեր մարտի 2-ին այցելել են հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջեվանքի պանթեոն, որտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ է դրվել հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:
Երեկոյան, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված դասական երաժշտության համերգ: Կոմիտասի, Խաչատրյանի, արեւմտաեվրոպական դասականների ստեղծագործությունները կատարել են վրաստանաբնակ տաղանդավոր հայ երիտասարդ երաժիշտները, ասմունքային կատարումներով հանդես են եկել Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանները:
Փետրվարի 28-ին Թբիլիսիի հայ առաքելական Ս. Էջմիածին եկեղեցում, նաեւ վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում կատարվել են պատարագի եւ հոգեհանգստյան արարողություններ` ի հիշատակ եղերական իրադարձությունների անմեղ զոհերի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





