AM
4 Մարտ 2010 - 15:28 AMT

Թուրքիայի կառավարության եւ բանակի հակասությունները առնչություն չունեն հայ-թուրքական արձանագրությունների հետ

Թուրքիայի կառավարության եւ բանակի միջեւ հակասությունները երկար տարիներ է, ինչ ծագել է եւ որեւէ առնչություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների հետ: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնել է Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն:

«Պետք է նշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում պայքարող կողմերի հայացքների տարբերությունը: Կառավարությունը կողմնակից էսահմանն արագ բացելուն, շատ զինվորականներ, որոնց մեծամասնությունն ազգայնամոլական հայացքներ ունեն, դեմ են», – ասել է ռուս վերլուծաբանը:

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունը` Կիպրոսից զորքերը հանելու մասին, Ալեքսանդր Սոտնիչենկոն ընդգծել է, որ Թուրքիան իսկապես կարող է այդ քայլին գնալ:

«Թուրք-կիպրոսյան կողմը նույնպես աջակցում է այդ որոշմանը: Այդ մասին է խոսում 2004 թ. հանրաքվեով կղզու վերամիավորման մասին Քոֆի Անանի ծրագրին Կիպրոսի թուրք ազգաբնակչության մեծամասնության աջակցությունը: Ենթադրում եմ, որ Էրդողանը նկատի ուներ զորքերը ոչ թե ամբողջությամբ դուրս բերելը, այլ դրանց թվաքանակի հարցում հունական կողմի եւ միջազգային կազմակերպությունների հետ համաձայնության գալը», – ասել է վերլուծաբանը:

Նրա խոսքերի համաձայն, դա համաձայնեցվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր ուղղությամբ, որն ուղղված է հարեւանների հետ խաղաղության հասնելուն, ինչն էլ իրագործում է ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլին: