Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան որոշել է «խորհրդակցելու նպատակով» ետ կանչել Վաշինգտոնում գտնվող իր դեսպան Նամիկ Թանին: Թուրքական իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ փաստաթղթի ընդունումը կարող է բարդացնել ոչ միայն Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերությունները, այլ նաեւ խոչընդոտել Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովում քվեարկությունից հետո բանաձեւը դրվելու է Ներկայացուցիչների պալատի վերջնական քվեարկության:





