ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունմամբ մեր բոլոր հարցերը չլուծվեցին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Այս քվեարկությունն ամենաբարդն էր նախկինում կայացածներից: Դա ԱՄՆ-ում հայկական եւ թուրքական քաղաքական ուժերի պայքարն էր, որտեղ հայկական կողմին հաջողվեց հաղթել»,-ասել է Մանոյանը` հավելելով, որ այն հույսը, թե այս անգամ բանաձեւը կդրվի Ներկայացուցիչնեի պալատի քննարկման, բավականին մեծ է: Ըստ նրա, Հայաստանի առաջին արձագանքը պետք է լինի ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալական նամակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահին` հույս հայտնելով, որ բանաձեւը շուտով կդրվի քվեարկության: Ընդ որում, նա նշել է, որ կոնգրեսականների որոշումը Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու եւս մեկ լծակ է, որպեսզի նա առավել լուրջ վերաբերվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եւ Սպիտակ տան հանդեպ, որպեսզի նա չխոչընդոտի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Ակնհայտ է, որ Թուրքիան մտահոգված է, ինչի մասին վկայում է այն, որ նա ետ է կանչել իր դեսպանին»,-ասել է Կիրո Մանոյանը` ընդգծելով, որ իրադարձությունների հետագա ելքը հիմնականում կախված է ինչպես Սպիտակ տան հետագա գործողություններից, այնպես էլ` ԱՄՆ հայկական համայնքից:
Ընդ որում նա նշել է, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահը, որպես պատրվակ օգտագործելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, կրկին կարող է խուսափել իր խոսքում «ցեղասպանություն» բառեզրի օգտագործումից: «Կոմիտեի որոշումն իրավաբանական ուժ չունի եւ ոչ մի բանի չի պարտավորեցնում ԱՄՆ-ին»,-ասել է Մանոյանը:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը կուղղվի Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար:





