AM
6 Մարտ 2010 - 08:46 AMT

Խորհրդատվություններ են անցկացվել Հայաստանի եւ Սլովենիայի ԱԳ նախարարությունների միջեւ

Մարտի 5-ին Լյուբլյանայում Հայաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Սլովենիայի արտգործնախարարի տեղակալ, պետքարտուղար տիկին Դրագոլյուբա Բենչինայի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության եւ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին, Արեւելյան գործընկերության, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով քաղաքական, առեւտրատնտեսական, գիտամշակութային բնագավառներում Հայաստանի եւ Սլովենիայի գործակցությանը` կողմերը նշել են, քաղաքական երկխոսության ակտիվացման կարեւորությունը, տնտեսական կապերի չօգտագործված ներուժի իրականացումը: Կողմերը հույս հայտնեցին, որ նման խորհրդատվությունները կկրեն կանոնավոր բնույթ եւ օգտակար կլինեն երկկողմ հարաբերությունների խթանման համար: Կողմերը երկուստեք ոհունակություն հայտնեցին Սլովենիայում ընթացիկ տարում իրականացվող «Հայաստանը մոտ ու հեռու» խորագրով մշակութային փառատոնի անցկացման համար:

Հայկական կողմը կարեւորել է Արեւելյան գործընկերության հռչակագրում ամրագրված ,անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացմանըե վերաբերող դրույթի իրականացումը: Սլովենական կողմը հայտնել է իր աջակցության պատրաստակամությունը:

Նույն օրը Հ ԱԳ փոխնախարար Ղազինյաը հանդիպեց Սլովենիայի Մշակույթի պետքարտուղար դոկտոր Ստոյան Պելկոյի հետ: Երկուստեք նշվեց, որ հայկական մշակույթի փառատոնը Լյուբլյանայում բացվել է ամենաբարձր մակարդակով Սլովենիայի նախագահի, առաջին տիկնոջ եւ մշակույթի նախարարի ներկայությամբ:

Նախատեսվում է նաեւ ԱԳ փոխնախարար Ղազինյանի այցելությունը Լյուբլյանայի «Ցանկարեւ դոմ» մշակութային կենտրոն, որտեղ ցուցադրվում է «Հայկական ավանդույթները աշխարհիկի եւ հոգեւորի միջեւ» ցուցահանդեսը: «Ցանկարեւ դոմ» մշակութային կենտրոնը, ի դեմս տնօրեն Միտյա Ռոտովնիկի, հանդիսանում է ,«Հայկական ավանդույթները աշխարհիկի եւ հոգեւորի միջեւ» ցուցահանդեսի հեղինակը եւ «Հայաստանը մոտ եւ հեռու» խորագրով մշակութային փառատոնի հիմնական կազմակերպիչներից մեկը: