Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանն ԱՄՆ հայազգի քաղաքացիների անունից իր վրդովմունքն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշման առիթով, որի համաձայն Սպիտակ տունը պատրաստվում է արգելափակել Կոնգերսում Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունումը:
Խաչիկյանի նամակում, որը հասցեագրված է Բ.Օբամայի վարչակազմին, մասնավորապես, ասվում է. «Պարոն նախագահ, փորձելով լռության մատնել Հայոց ցեղասպանության հարցը ինչպես Ձեր վարչակազմում, այնպես էլ Կոնգրեսում, դուք շատ տխուր ազդակ եք հաղորդում ողջ աշխարհին առ այն, որ լռությունը Ցեղասպանության հարցում կարելի է ձեռք բերել աշխարհաքաղաքական առավելությունների դիմաց: Ձեր այս քաղաքականությունն այժմ լիովին տեղավորվում է Անկարայի Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված քաղաքականության մեջ:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը, չնայած թուրքական կառավարության եւ ամերիկյան վարչակազմի ճնշմանը, «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովում քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ: Նմանատիպ քվեարկություն է նախատեսված նաեւ ԱՄՆ Սենատում:





