Կանադական հայտնի Embassy Magazine ամսագիրը հրապարակել է «Ադրբեջանը շարունակում է «քավության նոխազ» որոնել Խոջալուի պարտության համար» հոդվածը: «Ղարաբաղը, որը Հայաստանի սիրտն է, անհասկանալի պատճառներով բաժանվեց Հայաստանից լոկ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ եւ դրվեց Խորհրդային Ադրբեջանի իրավասության տակ որպես ինքնավար մարզ: 90 տոկոսով հայերով բնակեցված Ղարաբաղը միշտ արտահայտել է իր դժգոհությունն ադրբեջանական իշխանություններից եւ շարունակել է պայքարը հայրենիքին` Հայաստանին միանալու համար»,- գրում է ամսագիրը: Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Ղարաբաղի ժողովրդի արդարացի պահանջներին Բաքուն պատասխանեց զանգվածային արտաքսումով եւ Ադրբեջանի հայ բնակչության էթնիկական զտումներով:
Հոդվածում նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղում սկսվեցին ռազմական գործողություններ եւ այդ շրջանում ադրբեջանցիները սկսեցին լեգենդներ հորինել, որպեսզի ինչ-որ կերպ բացատրեն իրենց պարտությունը: «Եվ ամենաողորմելի սցենարը Խոջալուի դեպքերն են: Անցել է 18 տարի Խոջալուի ենթադրվող սպանությունից հետո, բայց այսօր Բաքուն փորձում է օգտագործել այդ դեպքերը հայկական ջարդերը քողարկելու համար, որոնք տեղի են ունեցել Սումգայիթում 1988-ի փետրվարին եւ այլ քաղաքներում»,- ընդգծվում է Embassy Magazine-ի հոդվածում:





