ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կոչ է անում Բարաք Օբամային անվանել իրերն իրենց անուններով, գրում է The Christian Science Monitor կիրակնօրյա թերթը: Հաշվի առնելով Թուրքիայի ռազմավարական կարեւորությունը` դա հեշտ չի լինելու, նշում է հոդվածի հեղինակ Ջոն Հյուզը:
252 բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ ամենամյա ուղերձում «ցեղասպանություն բնորոշել 1,5 մլն հայերի համակարգված եւ միտումնավոր բնաջնջումը»:
«Բանաձեւի ընդունման հետեւանքները (Թուրքիան ԱՄՆ-ից ետ կանչեց իր դեսպանին, իսկ վարչապետը բանաձեւն անվանեց «կատակերգություն») քիչ հավանական են դարձնում նրա ընդունումը Կոնգրեսի կողմից, եւ նախագահ Օբաման հազիվ թե հաջորդ ամիս իրենց անուններով կոչի պատմական փաստերը: Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումով Կոնգրեսը վիրավորեց Թուրքիայի զգացմունքները, եւ վիրավորանքը կարող է վնասել ԱՄՆ շահերին: Ինչպես պարզվեց, ոգու ուժն ավելի թանկ է, քան ԱՄՆ-ն կարող էր իրեն թույլ տալ»,- գրում է թերթը:
Հոդվածի հեղինակի կարծիքով այս բանաձեւը, ինչպես եւ նրա նախորդները, առաջ չի գնա: Շահը կգերակշռի խղճին, քանի որ Թուրքիայի կարեւորությունն ԱՄՆ ռազմավարական շահերի համար չափազանց մեծ է: «Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, խեղված հետխորհրդային սինդրոմով եւ աճող ազգային պարտքով, չի պահանջում ոչինչ, բացի բարոյական բավարարվածությունից: Այն ամենն, ինչ հարկավոր է, բառ է, որն այդպես էլ չի արտասանվելու աշխարհի ամենաազդեցիկ ձայնի կողմից»,- ասվում է հոդվածում:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:





