AM
10 Մարտ 2010 - 12:04 AMT

Դեւիդ Միլլեր. Պետք չէ լրջորեն վերաբերվել Թուրքիայի սպառնալիքներին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Դեւիդ Միլլերը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունումը: Ըստ նախկին դեսպանի, պետք չէ լրջորեն վերաբերվել Թուրքիայի սպառնալիքներին առ այն, որ Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունումը կվնասի ամերիկա-թուրքական ռազմավարական հարաբերություններին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Ես գոհ եմ, որ այս անգամ Ներկայացուցիչների պալատը չենթարկվեց ո'չ Թուրքիայի, ո'չ ԱՄՆ վարչակազմի ճնշմանը»,- հայտարարել է Դ.Միլլերը Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում (LSE) կայացած քննարկման ընթացքում:

Դեւիդ Միլլերը, որը Մեծ Բրիտանիայի առաջին դեսպանն էր Հայաստանում 1990-ականների կեսին, նշել է, որ թուրքական կողմը կշարունակի հանդես գալ խիստ բողոքներով, ինչպես դա եղավ Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում, սակայն չնայած Անկարայի բոլոր սպառնալիքներին, թուրք-ֆրանսիական հարաբերությունները վերադարձան բնականոն ընթացքին 3-4 շաբաթ անց:

«Ես կցանկանայի տեսնել, թե որքանով է Թուրքիան լրջորեն վերաբերում ամերիկյան զորքերը Թուրքիայից դուրս բերելու կամ Աֆղանստանում մասնակցության կասեցման վերաբերյալ իր սպառնալիքներին: Ես անձամբ կարծում եմ, որ այդ ամենը լոկ սպառնալիքներ են: «Թուրքերը կսպառնան, սակայն արդյունքում, ոչինչ չեն անի»,-ասել է բրիտանացի դիվանագետը, հաղորդում է Asbarez.com-ը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: Նման քվեարկություն նախատեսված է նաեւ ԱՄՆ Սենատում: