Փարիզ կատարած իր այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը (Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է), տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ` փոխադարձ քաղաքական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Սարկոզին բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության նախագահի` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:
Նախագահներ Սարգսյանն ու Սարկոզին մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը, հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին տարբեր ուղղություններով Հայաստանին ցուցաբերվող հետեւողական աջակցության համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բարձր մակարդակով երկկողմ շփումները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:





