AM
11 Մարտ 2010 - 07:17 AMT

Մոսկվայում տեղի կունենա կլոր սեղան` նվիրված ռուս-հայկական հարաբերություններին

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում` ՌՌՀԻ մարտի 12-ին տեղի կունենա «Ռուսաստան-Հայաստան` ռազմավարական գործընկերության խորացման հեռանկարները» թեմայով կլոր սեղանը:

Կլոր սեղանին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը` Հայաստանի նախագահի աշխատակազմին կից Տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ-Հոլդինգի» գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը, Հայաստանի նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Աբրամյանը:

Միջոցառմանը հրավիրված են նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահներ Լեւոն Մուքանյանը եւ Գեղամ Խալաթյանը:

Կլոր սեղանին կմասնակցեն Ռուսաստանի նախագահի աշխատակազմի, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի, Մոսկվայի կառավարության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Անդրկովկասի խնդիրների առաջատար մասնագետներ ու ՌՌՀԻ փորձագետներ:

Նախատեսվում են ելույթներ ատոմային էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության, ռուս-հայկական փոխգործակցության Հայաստանի եւ արտաքին աշխարհի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների համատեքստում, ռուս-հայկական ռազմավարական գործընկերության ամրապնդման եւ հայկական համայնքի դերի, Ռուսաստանի եւ Հայաստանի հումանիտար ու մշակութային կապերի զարգացման վերաբերյալ:

Ռուս-հայկական հարաբերություններին եւ Կովկասում անվտանգության հարցերին վերաբերող մասում ենթադրվում է քննարկել հետեւյալ հարցերը` սեւծովյան եւ Կասպից ծովի տարածաշրջանների անվտանգության խնդիրները եւ նրանց ազդեցությունը Ռուսաստանի ու Հայաստանի շահերի վրա, Ռուսաստանի դերը Հայաստանի ազգային անվտանգության համակարգում եւ ղարաբաղյան կարգավորման մեջ: