AM
11 Մարտ 2010 - 13:04 AMT

«Բազմազգ Վրաստանը» կողմնակից է ընտրություններին ազգային փոքրամասնությունների ակտիվ մասնակցությանը

2008 թ.-ից սկսած «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Քվեարկում ենք գործողության համար» ծրագիրը ընտրողների համար, որի հիմնական նպատակն է` էթնիկ համայնքների ներկայացուցիչներին բացատրել, որ անհրաժեշտ է ընտրություններին նրանց մասնակցությունը: Ծրագրի շրջանակներում փոքրամասնություններին ծանոթացնում են նաեւ քաղաքական կուսակցությունների եւ մրցակցող թեկնածուների նախընտրական ծրագրերին:

Ծրագիրն իր մեջ ներառում է քաղաքական կուսակցությունների եւ թեկնածուների նախընտրական ծրագրերի հրապարակումը` ազգային փոքրամասնությունների համար` նրանց հասկանալի լեզուներով եւ նրանց հասանելի ձեւերով, ինչպես նաեւ կազմակերպում է համայնքների հանդիպումները քաղաքական կուսակցությունների եւ թեկնածուների հետ: Ծրագիրն օգնում է նաեւ առավել մանրամասնորեն ներկայացնելու քաղաքական սուբյեկտներին էթնիկ համայնքների հիմնախնդիրներն ու մարտահրավերները, եւ համապատասխանաբար, տվյալ հարցերը արտացոլել նրանց ծրագրային փաստաթղթերում:

2008 թ. «Բազմազգ Վրաստանը» հրատարակել է երկու աշխատություն` մեկն ընդգրկում է նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուի քաղաքական ծրագիրը, իսկ երկրորդը` խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ծրագրային սկզբունքներին: Կազմակերպվել են նաեւ հանդիպումներ մի խումբ թեկնածուների հետ:

2010 թ. մայիսին տեղական ինքնակառավարման մոտեցող ընտրությունների կապակցությամբ «Բազմազգ Վրաստանը» ծրագրում է սեփական ռեսուրսների միջոցով նախաձեռնել հադիպումներ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների հետ:

Հանդիպումները երկու փուլով են կայանալու` առաջին փուլն արդեն մեկնարկել է: Հանդիպմանը մասնակցում են օսեթական, հայկական եւ հունական համայնքների ներկայացուցիչները: Երկրորդ փուլը սկսվելու է մոտ ժամանակներում եւ նախատեսում է ադրբեջանցի, քուրդ, եզդի եւ այլ համայնքների ներկայացուցիչների հանդիպումներ:

Այս առիթով կազմակերպությունն արդեն խորհրդակցել է քաղաքապետի երեք թեկնածուների հետ: «Վրաստանի համար» միության թեկնածու Իրակլի Ալասանիան արդեն հանդիպել է համայնքների մի խումբ ներկայացուցիչների հետ: Արդեն քննարկվում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության թեկնածու Գեորգի Չանտուրիայի հետ հանդիպման գրաֆիկը: «Ազգային շարժում» իշխող կուսակցության թեկնածուի հետ հանդիպման մասին կազմակերպությունը դեռեւս սպասում է պատասխանի: