AM
11 Մարտ 2010 - 14:49 AMT

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն մարտի վերջ-ապրիլի սկզբին

ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը գնահատում է որպես նորմալ: Այդ մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքով, ընթացքի մեջ է կողմերին մոտ երկու ամիս առաջ հանձնված եւ «նորացված Մադրիդյան սկզբունքներ» անունը ստացած կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ միջնորդների աշխատանքային առաջարկների քննարկումը: «Ներկայումս միջնորդներն ուսումնասիրում են կողմերի արձագանքն այդ առաջարկներին: Անցյալ շաբաթ նրանք հանդիպեցին Ադրբեջանի արտգործնախարարի հետ, իսկ հաջորդ շաբաթ հանդիպում կունենան Հայաստանի ԱԳ նախարարի հետ, որն օրերս Մոսկվայում էր եւ Սերգեյ Լավրովի հետ քննարկում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Որքանով ինձ հայտնի է, նույն այդ հարցերն այս օրերին քննարկվելու են նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում: Բոլոր այդ հանդիպումների, զրույցների ու բանակցությունների արդյունքներով Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մարտի վերջ-ապրիլի սկզբին այցելել Երեւան, Լեռնային Ղարաբաղ եւ Բաքու, որպեսզի փորձեն մոտեցնել կողմերի դիրքերը կարգավորման չհամաձայնեցված հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասաց Նեստերենկոն, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:

1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: