Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունները պետք է հանդիպեն եւ լուծեն բոլոր տարաձայնությունները, առաջ մղելու համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշելին Քալմի-Ռեյը: Նա հանդես եկավ նման հայտարարությամբ այն բանից հետո, երբ Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մարիո Ֆերը դիմեց հարցով` արդյո՞ք վերջերս Թուրքիայի երեք քաղաքացիների դատապարտումը Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար Շվեյցարիայի պաշտոնական դիրքորոշումն է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, գրումէ թուրքական Today's Zaman թերթը:
Քալմի -Ռեյը պատասխանել է, որ ըստ իշխանության տարանջատման սկզբունքի, Շվեյցարիայի կառավարությունն իրավասու չէր մեկնաբանելու դատարանի որոշումը: Նա հիշեցրել է նաեւ Շվեյցարիայի կառավարության 2009թ. հոկտեմբերի 13-ի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «Շվեյցարիայի դաշնային կառավարությունը հայտարարում է , որ Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններին հարկավոր է դրդել բանակցությունների պատմական հարցերի շուրջ եւ դրանով իսկ նպաստել երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացմանը»:
Ընդ որում թուրքական թերթը գտնում է, որ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերը համընկնում են Հայ-թուրքական արձանագրությունների այն կետի հետ, որտեղ ասվում է պատմական արխիվների հետազոտման եւ փաստերի ուսումնասիրության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին:





