AM
12 Մարտ 2010 - 07:18 AMT

Բերնար Ֆասյե. Այժմ բարենպաստ շրջան է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցությունների աշխուժացման համար

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին 1994-ին կնքված համաձայնագիրն ընդամենը ժամանակավոր հրադադար է, եւ արդեն մի քանի տարի Հայաստանը, Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում: Այդ մասին Եերեւանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 73-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: «2009-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անցկացրել են 6 հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, եւ եւս 3 հանդիպում անցել է Ռուսաստանի նախաձեռնությամբ, որի վառ ապացույցն են Մայնդորֆի հռչակագիրը եւ Ակվիլայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունը»,- ասել է Ֆասյեն:

Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ցանկացած որոշում պետք է միջանկյալ կարգավիճակ ապահովի Ղարաբաղի համար, տա անվտանգության երաշխիքներ, ապահովի տեղահանված անձանց վերադարձը ԼՂՀ: Ֆասյեն նշեց, որ Մադրիդյան սկզբունքները ենթադրում են ԼՂՀ-ում բնակչության մասնակցությամբ հանրաքվեի անցկացում, որը պատերազմից առաջ ապրել է այնտեղ, Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ միջանցքի ապահովում, փախստականների վերադարձ եւ միջազգային ուժերի աջակցությամբ հակամարտության գոտում երաշխավորված խաղաղություն:

Ֆասյեի կարծիքով այժմ բարենպաստ շրջան է բանակցային գործընթացի ակտիվացման համար: Նա հայտնեց, որ Փարիզում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի եւ միջնորդների հանդիպումը, իսկ այս երեքշաբթի Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ժամանելու է Փարիզ, որտեղ կայանալու է նույնանման հանդիպում: