Մենք ողջունում ենք Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքերով, Շվեդիայի խորհրդարանի կողմիցՀայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից մարտի 4-ին ընդունված Ցեղասպանության մասին 252 բանաձեւը ցույց տվեցին, որ հայ-թուրքական մերձեցումը ոչ միայն չի խոչընդոտում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ինչպես պնդում էին բոլորը, այլ հակառակը: «Պետք է նաեւ նշել, որ Ցեղասպանության ճանաչման գործում շվեդական խորհրդարանում շատ կարեւոր դեր խաղաց հայկական ծագումով շվեդ պատգամավոր Իզաբել Դինգիրյանի ելույթը»,- ասել է նա:
Զոհրաբյանը նաեւ ասաց, որ նրա կողմից ղեկավարվող եվրոպական ինտեգրման հարցերով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովն Իզաբել Դինգիրյանին հրավիրել է այցելել Հայաստան: «Այս այցի շրջանակներում քննարկվելու են Հայաստանի եւ Շվեդիայի միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող, Շվեդիայի խորհրդարանում հայ-շվեդական բարեկամության խումբ ստեղծելու հարցեր»,- նշել է նա:
Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության, ասորիների, խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունների ճանաչման մասին բանաձեւը:





