Ես գտնում եմ, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ հանդիպումը բավական օգտակար էր: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը` ամփոփելով իր հանդիպման արդյունքները ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի հետ: Ըստ նրա, կողմերը քննարկել են ԼՂՀ արտաքին եւ ներքին քաղաքականության, ղարաբաղյան կարգավորման, ինչպես նաեւ Ղարաբաղի ներկա իրավիճակի հետ կապված հարցեր: Ընդ որում, նա նշել է, որ հանդիպման ընթացքում առանձնապես նոր հարցեր չեն քննարկվել: «Մենք արդեն բազմիցս ենք մեր դիրքորոշումը հայտնել` առանց բանակցային գործընթացին Արցախի մասնակցության, ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չի լինի հանգուցալուծել»,-ասել է Ղուլյանը` հավելելով, որ վերադարձը բանակցային գործընթաց թույլ կտա ԼՂՀ-ին անմիջական կերպով ներկայացնել այն բոլոր հարցերը, որոնք մտահոգում են ղարաբաղյան կողմին:
«Չեմ կարծում, թե Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց թույլ կտա արագացնել կարգավորումը: Մենք ձգտում ենք մասնակցել բանակցություններին ոչ թե գործընթացն արագացնելու, այլ այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը ներկայացնելու համար: Մեր առաջարկը հետեւյալն է` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հարկավոր է տեղափոխել ԵԱՀԿ ընդունած փաստաթղթերի տիրույթ»,-ասել է Աշոտ Ղուլյանը:
Մեկնաբանելով ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հայտարարությունը հակամարտությունը շուտափույթ կարգավորելու անհրաժեշտության մասին` Ղուլյանն ասել է, որ ղարաբաղյան կողմը հակամարտության արագ լուծում չի ակնկալում, քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություներին: «Ցանակցած հակամարտության մեջ, երբ խոսքը գնում է այն արագ կարգավորելու մաիսն, լուրջ սխալներ թույլ տալու վտանգը բավականին մեծ է»,-ասել է Ա.Ղուլյանը:
Ըդն որում, Ղուլյանը նշել է, որ Լենմարկերը վերջին անգամ եղել է Ղարաբաղում 5-6 տարի առաջ, որից հետո եւ Արցախում, եւ ղարաբաղյան հակամարտության մեջ շատ փոփոխություններ են կատարվել: «Օգտվելով առիթից, ես կրկին հրավիրեցի նրանց Արցախ եւ Սոարեշը եւս համաձայնվեց այն մտքի հետ, որ լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել»,-ասել է Ղուլյանը` հավելելով, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահը խոստացավ, որ նրանց հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ղարաբաղում:
Ղուլյանը նշել է նաեւ, որ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ ԽՎ կողմից ոչ մի ճնշում չի եղել: «Հակառակը, նրանք ցանկանում էին առավել կոնկրետ եւ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին»,-ասել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակը:
Անդրադառնալով նորացված Մադրիդյան սկզբունքներին` Ղուլյանն ասել է, որ դեռեւս ղարաբաղյան կողմը ծանոթ չէ դրանց բովանդակությանը, եւ հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կանեն դա տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի ժամանակ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:
1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:





