Գերմանական Բունդեսթագի անդամ Քաթրին Վերները Գերմանիայի պետնախարար Կոռնելիա Պիպերին բաց նամակ է ուղղել, որում իր անհամաձայնությունն է հայտնել Գերմանիայի կառավարության հետ այն պատճառով, որ գիտնականները պետք է ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության հարցը:
«Գերմանիայի դիրքորոշումը Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման արտացոլումն է: Եթե կառավարությունն իրոք կարծում է, որ այս հարցը դեռ պարզաբանման կարիք ունի, ապա ինչ նպատակ եւ իմաստ ուներ 2005-ին Բունդեսթագի այն հայտարարությունը, որում նա դատապարտել է Հայոց ցեղասպանությունը եւ ցանկություն հայտնել նպաստելու Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցմանը»,- գրում է Վերները: Միաժամանակ նա նշել է, որ իր այժմյան դիրքորոշմամբ գերմանական կառավարությունն արժեզրկում է իր նախկին որոշումը:
Իր նամակում Վերները նաեւ նշել է, որ համաձայն չէ կառավարության հետ նաեւ այն հարցում, որ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման անհրաժեշտ աշխատանքները, առաջին հերթին, վերաբերվում են միայն Հայաստանին եւ Թուրքիային: «Գերմանիան այստեղ ունի հատուկ վերաբերմունք: Այդ ժամանակ մեր երկիրն Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն էր, նա տեղյակ էր բոլոր գործերին եւ նույնիսկ որոշ առումով մասնակից էր, եւ համապասխանաբար, ունի որոշակի պարտականություններ»,- գրում է Վերները:
«Գերմանիայի պատմությունից մենք գիտենք, թե որքան կարեւոր է Ցեղասպանության հետեւանքնեի հաղթահարումը հասարակության ժողովրդավարական զարգացման համար: Սեփական պատմության մռայլ էջերի ճանաչումը կարող է սրել այն բանի գիտակցությունը, որ նման բան երբեք չպետք է կրկնվի»,- ասվում է նամակում: Միաժամանակ Քաթրին Վերները կարծում է, որ իր պահվածքով Գերմանիայի կառավարությունը հիասթափեցնում է թուրքական քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, որոնք վտանգի ենթարկելով իրենց կյանքը, դատապարտում են Թուրքիայի պատմության այդ էջերը եւ պայքարում են դրանց հետեւանքների հաղթահարման համար:
«Վերջին տարիներին Թուրքիայում ընթանում է ավելի բաց երկխոսության գործընթաց, որում Թուրքիան Գերմանիայի աջակցության կարիքն ունի: Սակայն դրան պետք է նախորդի Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական փաստը:





