AM
19 Մարտ 2010 - 09:12 AMT

Daily Star-ը քննադատել է Էրդողանի հայտարարությունը հայ ներգաղթյալների մասին

Լիբանանյան անգլալեզու Daily Star թերթը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայից հայերի վտարման մասին: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդախարյանը, Daily Star-ի հոդվածում նշվում է, որ Թուրքիան կիրառում է երկակի չափորոշիչներ: «Մի կողմից ԱՆկարան քննադատում է պաղեստինցիների նկատմաբբ քաղաքականությունը, որոնք պետություն չունեն, մեկ այլ կողմից ինքն է նման քաղաքականություն վարում հայերի նկատմամբ, որոնք բնակվում են Թուրքիայի տարածքում»,- ասվում է թերթի խմբագրականում:

Հատկանշական է, որ վերջին ժամանակերը Daily Star-ն անդադառնում է Անկարայի ներքին եւ արտաքին քաղաքականությանը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է 100 հազար անօրինական ներգաղթյալների արտաքսումը երկրից: «Իմ երկրում ապրում է շուրջ 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,- ասել է նա: «Վաղը, եթե պահանջվի, ես կասեմ այդ 100 հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ, դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասել է Էրդողանը:

Հայտարարության համար առիթ էր հանդիսացել մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Անկարայի արձագանքի հարցը: