Ղարաբաղյան խնդրի կարգավորման ժամկետները կախված են նրանից, թե եվրոպացի պաշտոնյաները որքան կհանդուրժեն Ադրբեջանի ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականությունը: Բաքվի վարչակազմը շարունակում է միջազգային իրավունքի կեղծման փորձերը եւ ցուցադրաբար չի կատարում իր պարտավորությունները խաղաղ գործընթացի հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել պատմական գիտություների թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: «Բերեմ միայն վերջին փաստը. 2010թ, փետրվարի 6-ին Եվրոնյուս հեռուստաալիքին տրված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանն երբեք չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղի անկախությանն ու չի ընդունի ոչ մի մեխանիզմ, որը կարող է հետագայում հանգեցնել նրա անջատմանը»: Այսինքն, այդպիսով Ադրբեջանի նախագահը բացահայտ եւ ցուցադրական կերպով հայտարարեց, որ չի ընդունում պատմական առաջընթացը եւ շարունակում է միջազգաին իրավունքի նորմերի ու սկզբունքների ժխտումը, որոնցում որպես հրամայական ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը, որի մեխանիզմների ու գործընթացների հիման վրա է առաջացել ներկայում գոյություն ունեցող պետությունների մեծ մասը: Ալիեւի հայտարարությունն ուղղված է նաեւ 2009թ. դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նիստում ընդունված A/64/438 «Ժողովրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձեւի դեմ, որը կրկին հաստատում է ազգերի ինքնորոշման իրավունքը եւ կոչ է անում վերջ տալ արտաքին ռազմական միջամտություններին, օկուպացիային ու հետապնդումներին»,-ասել է Զարգարյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ միջազգաին հանրությունը հոգնել է Բաքվի քմահաճույքներից: «ԵԱՀԿ ԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը Երեւանում կայացած Հարավային Կովկասի խնդիրներին նվիրված սեմինարում, որի կազմակերպիչը ՆԱՏՕ-ի Խվ-ն էր, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հակամարտության հանգուցալուծման կարեւորագույն սկզբունքներից է: Նա ընդգծել է, որ, եթե չլիներ այդ սկզբունքը, այսօր չէին լինի անկախ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը»,-ասել է ԼՂՀ ԱԳՆ խորհրդականը` հավելելով, որ Ադրբեջանի նախագահն իր այդ ոչ կառուցողական հայտարարությամբ նաեւ ցուցադրաբար հրաժարվեց այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից: «Բաքվի վարչակազմը արձանագրեց, որ բոլորովին միտք չունի իրական քայլեր ձեռնարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար` կասկածի տակ դնելով նման քայլերի իմաստը: Բաքուն կանխավ բացառում է փոխզիջման հնարավորությունը, առաջ քաշելով մտածածաին եւ իրավաբանորեն անհիմն տարածքային պահանջներ ԼՂՀ-ի հանդեպ եւ կանոնավոր կերպով սպառնում է նոր ագրեսիվ պատերազմով: Այսպիսով, Բաքվին խաղաղեցնելու փորձերը ոչ միայն անբարոյական են, այլ նաեւ` անիմաստ:
Ադրբեջանի տարածքում կուտակվում են զենքի կույտեր, որոնց միակ նշանակությունը ԼՂՀ քաղաքացիների դեմ օգտագործվելն է: Այն երկրները, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, պետք է հստակ հասկանան, որ այդ զենքը նախատեսված է ԼՂՀ դեմ լայնածավալ ահաբեկչական ներխուժման համար, ոչ թե Ադրբեջանի պաշտպանության: Բոլորի համար ակնհայտ է, որ ԼՂՀ-ն չի սպառնում Ադրբեջանին եւ մտադիր չէ հարձակվել նրա վրա: Հենց ԼՂՀ-ն է կատարում զսպող դերը տարածաշրջանում: Ադրբեջանի կուտակած զենքը կարող է օգտագործվել ինչպես ԼՂՀ դեմ, այնպես էլ այլ վայրում: Այսօր իրենք միջազգային միջնորդներն են հասկանում, որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նրանց մնում է միայն մի տրամաբանական քայլ կատարել` վերջնականապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: Այդ դեպքում կարգավորումն իրական կդառնա: Դա շահավետ է նաեւ ադրբեջանական ժողովրդին, քանի որ թույլ կտա Ադրբեջանին կենտրոնանալ կենսունակ պետության ստեղծման վրա, ներքին արդիականացման վրա, որի անհրաժեշտությունը տեսանելի դարձավ տնտեսական ճգնաժամի եւ Ադրբեջանի շարքային բնակիչների աճող անելանելիության զգացողության ֆոնի վրա:





