Շրջափակման ձեւով արտահայտված թուրքական ագրեսիայի վերացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի Հանրապետության եւ Թուրքական Հանրապետության միջեւ վաղուց հասունացած քայլ է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Ըստ միջազգային իրավունքի, դիվանագիտական հարաբերությունները հաստատվում են առանց նախնական պայմանների` նոտաների փոխանակմամբ: «Ի տարբերութուն Թուրքիայի, Հայաստանը կողմ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը առանց նախնական պայմանների: Հայաստանի համաձայնությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց Թուրքիայի կողմից Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում գործած Հայոց ցեղասպանության դատապարտման, պատմության մեջ մեծագույն փոխզիջումն է, իսկ ոմանց կողմից դա համարվում է անթույլատրելի եւ չարդարացված փոխզիջում: Պետք չէ մոռանալ, որ Հայոց ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է համարվում: Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Գրեգորի Ստենտոնը գնահատում է Հայոց ցեղասպանության ուրացումը որպես ցեղասպանության վերջին փուլ, որպես զոհ խմբին արդեն հոգեբանական եւ մշակութային առումով ոչնչացնելու փորձ` մերժելով նույնիսկ սպանված հարազատների մասին հիշելու նրանց իրավունքը»,-ասել է Զարգարյանը:
Ըստ նրա, Արձանագրությունների ստորագրումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ չի ժխտում Հայաստանի Հանրապետության, արեւմտահայության սուբյեկտի միջազգային իրավական պահանջները, ինչպես նաեւ քաղաքակիրթ մարդկության եւ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը: «Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության փաստը ենթակա չէ քննարկման կամ ճանաչման, այլ պետք է անհապաղ իրավական դատապարտում ստանա: Չնայած, որ Հայաստանի մասնատումը 1921թ. խոշորագույն քաղաքակիրթ ու աշխարհաքաղաքական աղետ էր աշխարհում, որի հետեւանքները դեռեւս չեն հաղթահարվել, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը անհրաժեշտ համարեց ցուցադրել ողջ աշխարհին, սակայն առաջին հերթին Թուրքիային եւ նրա ժողովրդին, իր բարի կամքը` Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար»,-ասել է նա:
Զարգարյանն ասել է նաեւ, որ Թուրքիան այժմ պատմական ճամփաբաժնին է: «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների ստորագրումից հետո գործող թուրքական վարչակազմը կանոնավորապես եւ նպատակաուղղված նախապայմաններ է առաջ քաշում կարգավորման համար, ինչը հակասում է արձանագրություններին: Իրադարձությունների հետագա ընթացքը կորոշվի նրանով, թե ինչ ուժեր կհաղթեն Թուրքիայում: Թուրքիան կարող է շարունակել իր պանթուրքական քաղաքականությունը, որի համաձայն Թուրքիայի զարգացումը հնարավոր է միայն էքսպանսիայի միջոցով, իսկ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ մի շարք այլ երկրների գոյությունը խոչընդոտում է այդ ծրագրերին: Այդ ուժերի համար հայկական Լեռնային Ղարաբաղի գոյությունն անընդունելի է ցանկացած կարգավիճակով, իսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը սատարելը Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելու գործոն է: Ուստի, ոչ մի զիջում Հայաստանի կամ ԼՂՀ կողմից հարկավոր չէ Թուրքիայի ու Ադրբեջանի այդ իշխանական կառույցներին: Սակայն կարող է հաղթել այն տեսակետը, որի համաձայն բուն թուրք ժողովրդի շահերից է բխում այն բանի գիտակցումը, որ նրա իրական ազգային շահերը ընդհանուր քիչ բան ունեն Թուրքիայի վարչակազմի քաղաքականության հետ: Թուրք ժողովրդի շահերից է բխում իրական հաշտեցման քայլ կատարել` դատապարտելով 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը, ճանաչելով ԼՂՀ` Արցախի Հանրապետության անկախությունը, առավել եւս որ այդ ակնհայտ քայլերը կհամապատասխանեին թուրք քաղաքացիների շրջանում Անատոլիայի եւ Արեւմտյան Հայաստանի, առաջին հերթին հայերի ու հույների էթնիկ ինքնագիտակցության վերածնմանը: Վերջերս թուրքական մամուլում հաճախակի են դարձել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հրապարակումները` հասցեագրված ադրբեջանական կողմին, որի էությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը այսուհետ չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության տակ, որ Ադրբեջանի շահերից է բխում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Այդ քայլերը Թուրքիայի կողմից դրական կընկալվեին համաշխարհային հանրության կողմից, այդ թվում Արեւելյան միջերկրական նոր բյուզանդական քաղաքակրթության հարեւան երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինաիյի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Բոսնիայի Սերբական հանրապետության, Մակեդոնիայի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ այլ երկրների կողմից, որոնց մեծ մասի հետ Թուրքիան ամենալուրջ հակասություններն ունեն, եւ, անկասկած, դրական կազդեր հանգուցալուծման գործընթացի վրա»,-ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ խորհրդականը:





