Մարտի 20-ին Euronews հեռուստաալիքին տված իր հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնելով, որ համաշխարհային հանրությունը ներառում է այդ սկզբունքը այն երեք սկզբունքների թվում, որոնց հիման վրա առաջարկում է կարգավորել հակամարտությունը, կոչ արեց Ադրբեջանին ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել: Դա վստահության հիմք կստեղծեր Հայաստանում եւ բուն Ղարաբաղում առ այն, որ Ադրբեջանը կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասել է Սերժ Սարգսյանը:
Ինչպես գրում է դեսպան Վլադիմիր Կազիմիրովը «Նեզավիսիմայա գազետա» թերթում հրապարակված «Ի՞նչ կիրառել` ուժ թե տրամաբանություն» թերթում, նույն օրը պաշտոնական Բաքուն արձագանքեց, ինչպես եւ պետք էր ակնկալել, մերժելով այդ առաջարկը: «Եվս մեկ անգամ դրսեւորվեց ադրբեջանական եւ հայկական կողմերի խորը փոխադարձ անվստահությունը: Բաքվում կարծում են, թե, նման համաձայնագիր կնքելով, հայերը չեն հեռանա գրավյալ տարածքներից կամ կսկսեն պարտադրել իրենց պայմանները: Իսկ հայերը չեն կարող հեռանալ, քանի դեռ չեն կարող փոխանակել «անվտանգության գոտին» Լեռնային Ղարաբաղի համար այլ երաշխիքների հետ»,-ասել է դիվանագետը:
Բացի այդ, ըստ Կազիմիրովի, Բաքուն այդ սկզբունքին հակառակ, տարիներ շարունակ սպառնում է ուժով «վերականգնել իր երկրի տարածքային ամբողջականությունը»: «Նա չի կարող կտրուկ հրաժարվել այդ սպառնալիքներից` այդպիսով ճանաչելով դրանց նմանությունը բլեֆի հետ: Նրա համար նման համաձայնագրի կնքումը նույնն է, ինչ խոստովանել սեփական հսկայական ռազմական ծախսերի զուր լինելը: Բաքվի դրական արձագանքը Ս.Սարգսյանի առաջարկին այն ազդակը չէր տա Անկարային` դյուրին դարձնելով նրա համար Արձանագրությունների վավերացումը Հայաստանի հետ: Ադրբեջանի ղեկավարությունը իրոք ցանկանում է ձեռքերի ազատություն պահպանել այս կամ այն ռազմական գործողություն անցկացնելու համար` թերագնահատելով այն վնասը, որ դա կբերի իր երկրին ու տարածաշրջանին: Ադրբեջանի ԱԳն ներկայացուցիչ Էլհան Պոլուխովի հայտարարությունը մերժման մասին շատ հակասական է: Չէ որ Բաքուն այժմ ցուցդրումմ է, թե համաձայն է նորացված Մադրիդյան սկզբունքներին (որոշ բացառություններով), իսկ այնտեղ երեք հիմնարար սկզբունքներից մեկը ուժի չկիրառումն է եւ ուժի սպառնալիքի մերժումը: Կամ, այն բացառությունների թվո՞ւմ է, կամ ընդունված է միայն վերացական կարգով, առանց իրավաբանական պարտավորվածությա՞ն: Այնպես որ, այստեղ դյուրին չէ ամեն ինչ ի մի բերել: ԱԳՆ ներկայացուցիչը չմտածված հարց է տալիս` թե ո՞վ առաջինն ուժի դիմեց այս հակամարտության մեջ: Սակայն, ցավոք, բոլորը դեռ լավ հիշում են Ասկերանի, Սումգաիթի, Բաքվի, Գյանջայի իրադարձությունները, «Օղակ» օպերացիան միութենական զորքերի մասնակցությամբ եւ այլն: Ընդ որում, այդ ամենը դեռ ռազմական գործողությունների մեկնարկից շատ առաջ: Դեռ բոլորը հիշում են, թե ով 2,5 տարի ուժին էր ապավինել` խուսափելով պատերազմը դադարեցնել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձեւերին հակառակ»,-ասել է ռուսաստանցի դիվանագետը:
Նա նաեւ նշել է, որ ռազմական գործողությունները վերսկսելու Բաքվի մոլուցքը արժեզրկում էր Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւերը եւ ՄԱԿ-ի ԱԽ-ն դադարեց բանաձեւեր ընդունել: «Մինչ օրս հակամարտության կողմերը չեն կատարել բանաձեւերի պահանջներից եւ ոչ մեկը: Մեկ կողմի մեղադրանքներն առ այն, թե մյուս կողմը չի կատարել ԱԽ բանաձեւերի պահանջները, ոչ թե ուղղակի դեմագոգիա է, այլ սրբապղծություն նրանց կողմից, ով ինքն առաջինը չի կատարել դրանք, իսկ պետք է կատարեր անհապաղ: Հետաքրքրական են նաեւ Պոլուխովի պատճառահետեւանքային կապերը: Նա կարծում է, որ սկզբում պետք է վերացնել այն պատճառը, որն առաջացնում է ուժի կիրառման սպառնալիք, այսինք ազատել գրավյալ տարածքները: Սակայն բոլորովին այլ տրամաբանություն ունի Բաքուն, երբ որոշում է, թե ինչից է հարկավոր սկսել հակամարտության կարգավորումը` հետեւանքների թե պատճառի (ԼՂ կարգավիճակը) վերացումից: Այստեղ պատճառը ոչ միայն առաջին տեղում չի դրվում, այլ ետ է մղվում է դեպի անորոշ ապագա»,-գտնում է Վլադիմիր Կազիմիրովը:
Վլադիմիր Կազիմիրովը դեսպան է, Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ: 1992-96թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավարն էր, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի գծով:





