2010թ. մարտի 27-ին Ախալքալաքում կայացավ «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը, որին մասնակցեցին կառույցի 200-ից ավել նախկին եւ ներկա անդամներ, Ջավախքում գործող այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ջավախքահայ հասարակական գործիչներ:
Ինչպես ասվում է «Ջավախք» ժողովրդական շարժման հաղորդագրության մեջ, հաշվետու զեկույցով հանդես եկավ «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը: Ելույթ ունեցան նաեւ կառույցի անդամներ Ստեփան Հակոբյանը, Վահագն Հակոբյանը, «Ջավախքի մտավորականների միության» նախագահ Ազատ Շիպակցյանը եւ այլոք:
Ելույթ ունեցողները խոսեցին ջավախքահայության առջեւ ներկայումս ծառացած հիմնախնդիրների, հայ բնակչության նկատմամբ վրացական կենտրոնական իշխանությունների խտրական քաղաքականության առանձին դրեւսեւորումների եւ այլ հարցերի մասին: Հատուկ անդրադարձ կատավրվեց Վրաստանում մայիսի 30-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին եւ դրանց ջավախքահայության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը:
Համաժողովիավարտին մասնակիցներն ընդունեցին հայտարարություն: Հայտարարության մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվում ՏԻՄ կարգավիճակին, լեզվի հարցին, ՀԱԵ կարգավիճակի, քաղաքական կազմակերպությունների ստեղծումն արգելող օրենսդրության դրույթներին:
Շարժման մասնակիցները կոչ են անում Վրաստանի իշխանություններին երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտում ժողովրդավարական սկզբունքների, մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նորմերի տառից եւ ոգուց բխող լուծումներ տալ ջավախքահայությանը հուզող խնդիրներին:
«Ջավախք» ժողովրդական շարժումը կոչ է անում Վրաստանի իշխանություններին չխոչընդոտել հայ բնակչության շահերը հետապնդող ուժերի ընտրություններին մասնակցությանը, ինչպես նաեւ երաշխավորել ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը:





