AM
17 Մարտ 2010 - 09:30 AMT

Ռուսաստանին ձեռնտու է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

«Դա շատ հին պատմություն է, քանի որ ԱՄՆ-ն երկու կրակների միջեւ է` Ամերիկայի ուժեղ հայկական լոբբիի եւ Թուրքիայի հետ դաշնակցական հարաբերությունների միջեւ: ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ խոստացել է հայկական լոբբիին, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց նրանցից ոչ մեկին դա առայժմ չի հաջողվել ի կատար ածել»,- հայտնել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգյան կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Նրա խոսքով, ամերիկացիները միշտ բարձրացնում են Հայոց ցեղասպանության հարցը, երբ Թուրքիան ԱՄՆ շահերի դեմ ուղղված քայլեր է կատարում: Եւ Կոնգրեսի հանձնաժողովի ներկայիս որոշումը պատասխան է Թուրքիայի քաղաքականությանը, որը վերջին տարիներին գնալով ավելի անկախ է դառնում:

«Ռուսաստանի համար շատ ձեռնտու կլիներ, եթե ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ բացի բարոյական գործոնից այդ որոշումն անմիջապես կաշխատեր Ամերիկայի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների խզման ուղղությամբ: Հնարավոր է, դա որոշակի հակաամերիկյան քայլերի կդրդեր թուրքական ղեկավարության կողմից: Իսկ Թուրքիան նույնպես Ամերիկայի վրա ճնշում գործադրելու լծակներ ունի, որովհետեւ ՆԱՏՕ-ի անդամ է, բացի այդ թուրքական բանակը մասնակցում է Աֆղանստանում իրականացվող օպերացիային, Թուրքիայում ամերիկյան օդային ռազմակայան է գտնվում: Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը սահմանակից է Իրանին, Սիրիային եւ այլ արեւելյան պետություններին, որոնք Նահանգների կողմից դասվում են «չարի առանցքին»: Այսինքն Թուրքիան շատ կարեւոր ռազմավարական դաշնակից է Ամերիկայի համար: Ներկայիս բանաձեւը, իհարկե, դեռեւս հարցի լուծումը չէ: Դա Անկարայի վրա ճնշում գործադրելու տարր է, ոչ ավելին»,- ընդգծել է Ալեքսանդր Սոտնիչենկոն, հաղորդում է «Ռուսկայա լինիա»-ն: