Շվեդիան իր որոշումն ընդունելով դարձավ այն թեզիսի ստրուկը, որը հիմնված է ստի վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիա-ԵՄ գլխավոր բանակցող եւ պետնախարար Էգեմեն Բաղիսը` մեկնաբանելով Շվեդիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունմանն անդրադառնալով` Բաղիսն ասել է. «Կալիֆոռնիայի այն կոնգրեսականը, որն ստացել է հայկական լոբիի աջակցությունը, իրեն ծիծաղելի վիճակի մեջ է դրել»: Նրա կարծիքով, ամերիկացի օրենսդիրը փորձ էր անում ամեն կերպ ստանալ մյուս կոնգրեսականների ձայները, սակայն արդյունքում շահեց մեկ ձայնի տարբերություն:
«ԱՄՆ պետքարտուղարը ավելի ուշ հայտարարել է, որ բանաձեւը ԱՄՆ ներայացուցիչների պալատի լիագումար նիստում չի ընդունվի: 2006 թ. Ֆրանսիայի խորհրդարանը նմանօրինակ օրինագիծ ընդունեց, որից հետո ֆրանսիական ՌՕՈւ թռիչքները Թուրքիայի վրայով արգելվեցին», – հիշեցնում էր Բաղիսը` ավելացնելով, որ Անկարան շատ զգայուն է այդ հարցում:
Միաժամանակ նա նշել է, որ ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պետք է զբաղվեն պատմական հարցերով: «Դուք պետք է իմանաք, որ այն ժամանակ Օսմանյան կայսրությունը Գերմանիայի դաշնակիցն էր, եւ ոչինչ չի կատարվել առանց գերմանացիների հետ խորհրդակցելու», – նշել է Բաղիսը:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիայում այսօր ապրում է մոտավորապես 100.000 հայ տարագիր, որ աշխատում են այնտեղ: «Այս փաստն ապացուցում է, որ մեր ժողովուրդների միջեւ ատելություն չկա, այլ հակառակը` մենք ձգտում ենք մեձենալ», – ընդգծել է Էգեմեն Բաղիսը` ավելացնելով, որ Թուրքիան ձգտում է հաստատել բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի հետ, հաղորդում է SPIEGEL-ը:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ եւ 22 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Մարտի 11-ին նույնօրինակ որոշում ընդունեց նաեւ Շվեդիայի խորհրդարանը:





